Գյումրիում Հովհաննես Բաչկովին դեռ կպարգևատրեն

Ուկրիանա մեկնած հայ բռնցքամարտիկներն արդեն վերադարձել են հայրենիք: 8 բռնցքամարտիկից 3-ը Շիրակի մարզից էին: 64կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Հովհաննես Բաչկովը Խարկովում փայլեց իր մրցելույթով՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: 24 ամյա բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթանակ տարավ անգլիացի մրցակցի նկատմամբ:

Գյումրեցիները դեռ Զվարթնոց օդանավակայանում են շտապել դիմավորել քաղաքի հերոսին: Երկրպագուների հետ մայրաքաղաք էր մեկնել նաև Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը՝ դիմավորելու չեմպիոնին: Մեզ հետ զրույցում մարզպետարանի պաշտոնյան նկատեց, որ Բաչկովը կոտրեց կարծրատիպը եւ 30 տարի անց Գյումրի բերեց բռնցքամարտի ոսկե մեդալ: «Նա արդարացրեց բոլորիս հույսերը, մենք հպարտանում ենք նրանով: Հովհաննեսը պատրաստ էր թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե տեխնիկական առումով, եւ հաղթանակն սպասելի էր»,- ասաց Վաչիկ Վարդանյանը: Իսկ թե առաջիկայում բռնցքամարտիկին ինչ պարգևատրություն է սպասվում, սպորտի բաժնի պետի խոսքով՝ տարեվերջյան ամփոփման ժամանակ նա անպայման կընդգրկվի լավագույն մարզիկների տասնյակում եւ կպարգևատրվի:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, ով, ի դեպ, Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, երեկ հանդիպել է բռնցքամարտիկի հետ, շնորհավորել նրան եւ նշել, որ ինքը, որպես Գյումրու քաղաքապետ և Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մշտապես կանգնած է մարզիկի կողքին: Քաղաքապետը սեփական հավաքածուից Աստվածաշունչ է նվիրել բռնցքամարտիկին, իսկ պարգևատրում՝ որպես այդպիսին, խոստացել է առաջիկայում: Մի խոսքով Եվրոպայի չեմպիոնին դեռ հարազատ քաղաքում կպարգևատրեն, ինչպես խոստանում են քաղաքային եւ մարզային իշխանությունները:

Իսկ մինչ այդ մարզիկը պետք է պատրաստվի աշխարհի առաջնությանը, ինչին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X