Հրահանգված բռնություն

Մոտ 20 տարի առաջ քրեակատարողականներին ու դատարաններին առնչված մարդիկ կհիշեն, թե ինչ անմարդկային պայմաններ էին ստեղծված․ մութ խցեր, դատարանների դահլիճներում վանդակներ, տեսակցությունների իսպառ բացակայություն, յուրաքանչյուր նամակը՝ «քսիֆը», բերդ ուղարկելը նվազագույնը 10 դոլար արժեր, ավերակ դատարաններ, ձեռնաշղթաներ, ծեծ։ Երբ 2001-ին Հայաստանը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ եւ մի շարք միջազգային պարտավորություններ ստանձնեց, առաջինը դա զգացին կալանավայրերի հետ առնչություն ունեցող անձինք՝ խցերի ճաղերը հանվեցին, դատարաններում վանդակները վերացվեցին, նամակ գրել-ստանալը դարձավ անվճար, սկսեցին օրինական տեսակցություններ թույլատրվել, նույնիսկ լրագրողների մուտքը կալանավայրեր, արտոնվեց։ Բայց անգամ այն ծանր թվերին բոլոր այն անձինք, ում մեղադրանքի մեջ կային քաղաքական տարրեր, պաշտպանված էին բռնության կիրառումից։ Բերդերի աշխատողների շրջանում մի չգրված օրենք կար՝ ուսյալներին ու քաղաքական դեմքերին ձեռք չէին տալիս։ Նախօրեին «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված բռնությունը, դրանից առաջ փաստաբանների նկատմամբ պատժիչ սանկցիաներն իրապես ցնցեցին բոլորիս։ Ոչ մի դատական կարգադրիչ ու ոստիկան «գլխից ձեռք չի քաշել», որ տեսախցիկների ու լրագրողների, դատին հետեւող լայն հանրության աչքի առաջ նման բռնարարքներ կիրառի։ Այդ «համարձակությունը» միմիայն վերեւից թելադրված ու հրահանգավորված կարող է լինել։ Իսկ գուցե «արմատները» պետք է փնտրել ոստիկանության ղեկավարությա՞ն շարքերում։ Որն իբրեւ թե իրենց զոհված գործընկերների վրեժն է որոշել այսպես լուծել։ Կամ էլ՝ ավելի վերեւներում, որտեղ իշխանափոխության միտքն անգամ սարսափ է առաջացնում։ Կամ էլ գուցե նորանշանակ նախարարի ինքնահաստատման փորձե՞ր են սրանք։

Մեկնաբանություն
X