Ոստիկանները վրեժ են լուծում ՊՊԾ գնդի գրավման համար

«Սասնա ծռերի» գործով դատական դահլիճներում թեժ է, ինչպես թեժ էր 2016 թվականի հուլիսի 17-ին եւ հետագա օրերին՝ Խորենացու փողոցում ու ՊՊԾ գնդի տարածքում։ Այն օրերին «Սասնա ծռերն» էին պայմաններ թելադրում, բայց նրանք բարի էին Օսիպյանի եւ մյուս ոստիկանների հանդեպ։ Հաց ու ջուր էին տալիս նրանց, թողնում էին, որ ազատ պտտվեն գնդի տարածքում, որպես բարի կամքի դրսեւորում՝ բաց էին թողնում պատանդներին։ Ոստիկաններից մեկն ասել էր, որ գլուխն է ցավում, ու «ծռերը» նրան բաց էին թողել, մյուսը՝ թե պիտի նշանվի։ Նրան էլ բաց թողեցին։ Հիմա իրավիճակի տերը ոստիկաններն են ու նրանց մեջքին պինդ կանգնած դատախազությունը, դատարանները, պետական ապարատը, նախագահը։ Նրանք լիուլի ինքնադրսեւորվում են, եւ «ծուռ» բարության փոխարեն մենք ականատես ենք վախկոտ տղամարդկանց ստոր ու դաժան վրեժխնդրության, որոնք 10-15 հոգով հարձակվում են մեկի վրա, նախապես ձեռնաշղթա հագցնելով, որ չկարողանա դիմադրել։

Ծեծը՝ հարկադրանքի միջո՞ց

Դատախազությունը հունիսի 28-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում «Սասնա ծռերի» խոշտանգումը ներկայացնում է որպես արգելված առարկա փոխանցելը կանխելու գործողություն․ «Ոստիկանները կանխել են ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից Սմբատ Բարսեղյանին արգելված առարկա փոխանցելու փորձը, որից հետո Արեգ Կյուրեղյանը դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոտքի է կանգնել, փորձել է տեղից դուրս գալ, ինչին հաջորդել է Սմբատ Բարսեղյանի եւ Մխիթար Ավետիսյանի հակաիրավական վարքագիծը»։ Ամբաստանյալներին առանձնակի դաժանությամբ ծեծելը դատարանի նկուղային խցերում դատախազությունը ներկայացնում է որպես «հարկադրանքի միջոցներ»՝ նրանց կողմից ցույց տրված դիմադրությամբ պայմանավորված։ Երեւանի վարչության գումարտակի աշխատակիցը զեկուցագրում գրել է, որ «նիստերի դահլիճից հեռացված եւ իրենց հատկացված խցերում գտնվող ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը եւ Գագիկ Եղիազարյանը, արձագանքելով ոստիկանների նշված իրավաչափ գործողություններին, սկսել են ոտքերով եւ ձեռքերով հարվածել խցերի դռներին»: Այս արձագանքներն ի հայտ եկան հետո, երբ մեծ աղմուկ բարձրացավ միջադեպի շուրջ։ Իսկ նիստն սկսվելուց առաջ դատարանի դահլիճում հավաքվածները մանրամասներ չեն նկատել։ Խլացուցիչ ապակիների հետեւից, որոնց առաջ մեկ վայրկյանում կարգադրիչներից կազմված պատ է գոյացել, նրանք ընդամենը հասցրել են նկատել, որ Սմբատ Բարսեղյանին եւ Արեգ Կյուրեղյանին քարշ տալով՝ հեռացնում են դահլիճից։ Հետո միայն փաստաբանները պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել։

Ես որտեղի՞ց պետք է գուշակեի, թե ինչ է գրված

Ամեն ինչ սկսվել է Արեգ Կյուրեղյանի գրությունից, որն ամբաստանյալը փոխանցել է իր փաստաբան Արա Ղարագյոզյանին։ Թղթի կտորի վրա, որը ոստիկանները խլել են, իսկ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակել է, հայրենասիրական տեքստ է եղել․ «Դատավարությունն օգտագործում ենք ժողովրդին, հատկապես երիտասարդներին, ոգեւորելու, ինքնակազմակերպմանն օժանդակելու, մեր ազգային օրակարգը (Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կուր-Արաքսյան տարածքի վերահայացում), մեր գաղափարները տարածելու, աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրկացնել․․․» եւ այլն։ Նույն օրը դատավորը նաեւ դիմել է Փաստաբանների պալատ՝ Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումով։ Այսպես․ թղթի շուրջ աղմուկը նպաստեց նրան, որ հնարավորինս շատ մարդ այն կարդար։ «Ես որտեղի՞ց պետք է գուշակեի, թե ինչ է գրված գրության մեջ։

Դա փաստաբանական գաղտնի՞ք է, թե՞ չէ։ Ոստիկանն իրավունք չուներ ինձ փոխանցված գրությունը վերցնելու, եւ դատավորն էլ իրավունք չուներ այն հրապարակելու, ինչ էլ մեջը գրված լիներ։ Քրեական դատավարության օրենսգիրքն էլ պահանջում է, որ փաստաբանի նկատմամբ եթե սանկցիա է կիրառվում, իրենք պարտավոր են նույն դատական նիստում որոշում կայացնել, ու այդ որոշումից մեկ օր անց նոր դատավորը պետք է գրություն ուղարկի Փաստաբանների պալատ։ Սա փաստաբանների նկատմամբ հետապնդում է։

Վովա Գասպարյանն էլ Մուշեղ Շուշանյանի դեմ է դիմում գրել՝ նրան պատասխանատվության ենթարկելու»,- ասում է Ղարագյոզյանը։ Հետաքրքիր է, թե ինչ դիրքորոշում է հայտնելու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը ժամանակին ընդդիմադիր կեցվածք ուներ։

Ոստիկանները պնդում են, որ համաչափ ուժ են կիրառել

Ինչի՞ն համաչափ։ Թուղթ փոխանցելո՞ւն, հարցնելո՞ւն, թե ինչու եք ծեծում, խցերի դռները հարվածելո՞ւն։ Ի՞նչ էին արել «ծռերը», որ ոստիկանությունը որոշեց ուժ կիրառել։ Հարցերը տվեցինք փաստաբաններին։ Արա Ղարագյոզյանն ասում է, որ իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը, տեսնելով, որ Կյուրեղյանին ու մյուսներին բռնի ուժով տանում են, ու նրանց խցից ձայներ են լսվում, ընդամենը փորձել է տեղեկանալ, թե ինչ է կատարվում։ «Մենք ասացինք՝ ի՞նչ է կատարվում, 18 հոգով եկան-լցվեցին մեր սենյակ ու սկսեցին մեզ ծեծել»։

Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանին, որը ղեկավարում էր ուժային օպերացիան, նա չի նկատել, ծեծողների դեմքերը չի հիշել։ «Համաչափ ուժի կիրառումը չի նշանակում, որ 15 հոգով մտնեն ու մարդուն ծեծեն, այդ հայտարարությունը խեղաթյուրում է փաստերը։ Խանդոյանի ոտքերին վնասվածքներ կան, աչքն է կարմրած։ Նրան վերջին տարում հաճախ են խոշտանգել»։

Փոխգնդապետը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել

Ըստ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանի, նրան հունիսի 28-ին բերել են դատարան, բայց քանի որ նախորդ նիստին նրա նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել, չեն բարձրացրել նիստերի դահլիճ։ Նա մնացել է խցում։ Միառժամանակ անց նա լսել է Արայիկ Խանդոյանի ու մյուսների ձայները՝ սպանեցիք, մի խփեք։ Նա հասկացել է, որ ոստիկանների կողմից ծեծուջարդ է իրականացվում, եւ ինքն էլ է միացել գոռացողներին՝ հորդորելով չհարվածել։ «Այդ ժամանակ, ըստ իմ պաշտպանյալի, փոխգնդապետ Ղազարյանը հրահանգել է մյուսներին՝ մի հատ սրա դուռը բացեք,- պատմում է Լուսինե Հակոբյանը։ - Նրանք մի տասը հոգով ներխուժել են Գագիկ Եղիազարյանի խուց։ Առաջինը հենց փոխգնդապետն է հարվածել, մյուսներն էլ՝ նրա հետեւից։ Ուժեղ ծեծի են ենթարկել՝ ձեռքով, ոտքով, Եղիազարյանը պաշտպանվել է։ Հետո արժանապատվությունը նվաստացնող գործողությունների սպառնալիքներ են տեղացել։ Կեսից էլ ձեռնաշղթաներ են հագցրել ու շարունակել են ծեծել։ Սա կոնկրետ անմարդկային վերաբերմունք է»։ Փաստաբանը կարծում է, որ ոստիկանների այս պահվածքը ցայտնոտի ու խուճապի դրսեւորում է։ «Ընդհանուր հրահանգ կա խստացնելու «ծռերի» նկատմամբ վերաբերմունքը՝ այդ միջոցներին դիմելով։ Գագիկը հայտնել է, որ փոխգնդապետ Ղազարյանն էլի է իրեն սպառնացել։ Նախկինում էլ են միջադեպեր եղել։ Եվ եթե անգամ հրահանգ եղել է, նա ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել, այդ հրահանգների սահմաններից անցնելով»։

37 թիվը վերադառնում է

Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը համոզված է, որ իր պաշտպանյալի հետ միջադեպը «սարքած» է։ «Մխիթարը, տեսնելով, որ խլում են Կյուրեղյանի ձեռքից գրությունը, ասել է՝ նայեք-տեսեք, եթե ինչ-որ վտանգավոր բան կա, մի տվեք։ Դրանից հետո նրան ասել են՝ դո՞ւ պտի ասես, ու քաշել-հրել են, հենց դահլիճից տապալել-տարել են ու միջանցքից սկսել են ծեծել»։ Ինեսսա Պետրոսյանը վրդովված է․ «Երբ որ մարդը փաստաթուղթ է փոխանցում, ո՞ւմ են դրա համար երբեւիցե ծեծել-ջարդել, դատական նիստը դեռ սկսված չի եղել, իրենք ի՞նչ իրավունք ունեն ինքնագլուխ ինչ-որ գործողություններ անել։ Ինչ-որ սցենար են մտածել իշխանություններն այս գործերի հետ կապված, եւ պարզ է, որ ի սկզբանե տապալված է»։ Նա եւ մյուս փաստաբանները վստահեցնում էին, որ երբեւիցե նախկինում չեն հիշում դեպք, որ դատարաններում իրենց խուզարկած լինեն։ Լուսինե Հակոբյանը մի դեպք հիշեց, երբ իրեն փորձել են խուզարկել ՀՔԾ-ում, բայց ինքը թույլ չի տվել, եւ քննիչը՝ համակարգիչը ձեռքին, իջել է մուտքի մոտ՝ քննչական գործողություն անելու։ Եթե մարդն արգելված առարկա կամ գրություն է փոխանցել, կամ անգամ եթե խցի դռանը խփել է, արդյո՞ք ծեծն իրավաչափ ուժ է։ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, այս հարցին պատասխանելով, հորդորեց տրամաբանություն չփնտրել ոստիկանների գործողություններում։

«Ոստիկանությանը հասկանալու համար պետք է ոստիկան լինել, սովորական մարդու տրամաբանությունից դուրս են նրանց գործողությունները։ Ցավալի է, որ ոստիկանության իրավագիտակցության մակարդակը 37 թվականից մինչ այսօր չի փոխվել»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X