Ամեն դեպքում Գերմանիան

Այս վերնագիրը վաղուց մի փոքր հումորային, իսկ պարտվողների համար տխուր երանգավորումով դարձվածք է դարձել: 2017թվականի ՖԻՖԱ-յի Կոնֆեդերացիայի մրցաշարի գավաթակրի անունը հայտնի է՝ դա Յոախիմ Լյովի գլխավորած Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն է:

Որոշ իմաստով՝ փորձարարական, աշխարհի առաջնությունից առաջ ավելի շատ նախապատրաստական Կոնֆեդերացիայի գավաթի այս մրցաշարում, երբ հայտնի դարձավ, որ Գերմանիայի հավաքականը հանդես է գալու երրորդ կազմով, այսինքն հիմնական կազմում ընդգրկվելու են երիտասարդ՝ 19-20 տարեկան ֆուտբոլիստներ, այս հանգամանքը հիմք էր տալիս շատ մասնագետների եզրակացնել, որ թեև Գերմանիան յուրաքանչյուր մրցաշարում, յուրաքանչյուր կազմով հաղթողի հավանական հավակնորդներց մեկն է, այնուհանդերձ դժվար թե երիտասարդ, անփորձ ֆուտբոլիստներով լրջագույն արդյունք ունենա:

Բայց արի ու տես՝ այդ երիտասարդ ու անփորձ համարվող Գերմանիան ոչ միայն ունակ եղավ մեկը մյուսի հետևից հաղթել ու ծնկի բերել ավելի փորձառու, ավելի ագրեսիվ հավաքականների, այլև ունակ եղավ դա անել որպես մի հմուտ, քաջատեղյակ, ամրակուռ ու ինչպես միշտ գեր կարգապահ ընտրանի: Թեպետ եզրափակչում Չիլիի հավաքականը տեղ-տեղ ավելի հմայիչ ու կրքոտ խաղով էր աչքի ընկնում, միևնույնն է հմայքն ու կիրքը չբավեցին, որպեսզի Կարմիրները վերցնեին ցանկալի գավաթը, քանի որ ուժեղը՝ Գերմանիան էր:

Սա կարծում եմ հանճարեղ Յոախիմ Լյովի դասն էր, խրատը, թե ինչպես է հնարավոր ընդամենը մեկ առաջնության ընթացքում այն էլ բոլորի աչքի առաջ դիմել ֆանտաստիկ ռիսկային քայլի՝ թիմի ներսում սերնդափոխություն անել: Հետայսու կարծում եմ բոլորի համար պարզ է՝ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ապագայում ամենազորեղ ու պինդ ընտրանիներից մեկն է լինելու, որի հետ պիտի հաշվի նստի իրեն հարգող յուրաքանչյուր թիմ:

Մի շատ կարևոր հանգամանքը ևս՝ Գերմանիայի հավաքականի այս սերնդափոխությունը մեկնարկում է հաղթանակով, երիտասարդ, արդեն որոշակի վերապահումներով անփորձ համարվող տղաները իրենց առաջին մեծ գավաթն են վերցնում՝ այն էլ 2018թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հենց նախօրեին: Եզրափակչում Չիլիի նկատմամբ տարած հաղթանակը Գերմանիայի հավաքականի տղաներին վերջնական վստահություն, մեծ ոգեշնչվածություն ու սեփական ուժերի հանդեպ աներկբա համարձակություն կհաղորդի, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր, ամենամոնումենտալ հավակնորդը՝ Գերմանիայի հավաքականն է:

Գերմանացիների մարզիչ Յոախիմ Լյովը մի տասնամյակում ուղղակի անհավանական պատմություն կերտեց՝ ցուցադրելով բացառիկ ուսուցողական աշխատանք, ինչպես իսկական ճարտարապետը՝ նա հիմնովին վերակառուցեց թիմը և տարավ ուղիղ դեպի հաղթանակը:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X