Եվ մի «Այֆոն 6»՝ 450 հազարով

Վերահսկիչ պալատը 2016 թվականի իր աշխատանքներում անդրադարձել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի գործունեությանը՝ կառավարության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային ու ֆինանսական ծրագրերի շրջանակում, եւ կասկածելի փաստեր ու բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Օրինակ՝ 2009 թվականին ԾԻԳ-ը մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է ստացել ավագ դպրոցների համար կահույքի ձեռքբերման նպատակով եւ շուկայական արժեքից բարձր գներով գնումներ է կատարել։ Ասենք՝ 6-11 հազար դրամ արժողությամբ ուսուցչի աթոռները գնել է 15-18․600 դրամով։ Ավագ դասարաններում սովորող աշակերտների թվերն էլ ուռճացված են եղել, եւ մոտ 500 սեղան ու 1050 աթոռով ավելի շատ են գնել պահանջվող քանակից։ 5 մանկավարժական բուհերի համար ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ այլ առարկաների լաբորատորիաների համար 600 հազար դոլարի սարքավորումներ են ձեռք բերվել, սակայն հետագայում նույն սարքավորումներից երեքական համակարգ, կրթության նախարարության առաջարկով, տրամադրվել է Կրթության ազգային ինստիտուտին, որը մանկավարժական բուհ չի հանդիսանում։ Հետո այդ ծրագիրն իրականացնող «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ն նույն սարքավորումներից գնել է նաեւ իր 3 մասնաճյուղերի համար՝ նախապես ստանալով ՀԲ թույլտվությունը։

Վերահսկիչ պալատն արձանագրել է սույն ծրագրով տրամադրված միջոցների մոտ 60 տոկոսի անարդյունավետ ծախս։ Այս եւ մյուս խախտումները հայտնի են ՎՊ հրապարակված հաշվետվությունից։ Հասարակ քաղաքացու համար սա զարմանալի փաստաթուղթ է։ Վերահսկիչի հաշվետվության մեջ անթիվ փուչ ու դատարկ դրամաշնորհային եւ վարկային ծրագրեր են նշված, որոնց մասին չենք լսել երբեք։ Մեր ուսումնական հաստատությունները, պարզվում է, ահռելի գումարներ են ստացել փուչ, դատարկ ծրագրերի համար, որոնց անուններն անգամ չենք լսել՝ «բնապահպանական հարցերում մասնագիտական աջակցություն», «ճարտարագիտական խորհրդատվական ծառայություններ», տարատեսակ չափորոշիչների եւ ծրագրերի վերանայման գնահատում, երեխաների զարգացման դինամիկայի եւ դրա վրա ազդող գործոնների հետազոտություն, «նորարարությունների հիմնադրամի հայտերի գնահատում» եւ այլն։ Օրինակ, ծրագրերից մեկը կոչվում է «Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի եւ դրա վրա ազդող գործոնների հետազոտություն»։ Այդ հետազոտությամբ զբաղվել է «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը՝ 2011 թվականին ստանալով մոտ 10 հազար դոլար։

Արդյունքում կազմակերպությունը ներկայացրել է հետազոտության արդյունքներ, որոնք կապ չեն ունեցել «երեխաների զարգացման դինամիկայի» հետ։ «Հաշվետվությունում ներկայացված գնահատականները կատարված հետազոտության մասին պատկերացում չեն ձեւավորում․․․, կատարված հետազոտությունն ինքնանպատակ է»,- գրված է ՎՊ հաշվետվության մեջ։ ՀԲ մեկ այլ ծրագրով, որը կոչվում է «Կրթության բարելավում», 2015-2019 թթ․ մոտ 40 հազար դոլար վարկ ու համաֆինանսավորում է ստացել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, որով պետք է դպրոցների հիմնանորոգման նախագծեր կազմեր, նորարարությունների մրցակցային ծրագրեր իրականացներ, կրթակարգեր ու չափորոշիչներ վերանայեր, ճարտարագիտական խորհրդատվական ծառայություններ մատուցեր եւ այլն։ Սրանք տիպիկ նպատակներ են, որոնք չեն փոխում իրավիճակը ոլորտում, բայց փող լվանալու մեծ հնարավորություններ են ընձեռում։ Ահա, այս 40 հազարի ծախսումներն էլ, ըստ ՎՊ-ի, արդյունավետ չեն իրականացվել։ Օրինակ, 2015 թվականին ԾԻԳ-ն իր աշխատակիցներին պարգեւատրումներ է տվել, որոնք համապատասխան հոդվածներով նախատեսված չեն եղել։ Սա կազմել է ԾԻԳ-ի աշխատավարձի ֆոնդի 14 տոկոսը։ Քաղաքացիների հետ ինչ-որ անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքվել՝ բարձր գներով, ԾԻԳ-ի համար «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել 16 մլն․ դրամ արժեքով, որը հետո էլ վերանորոգել են 6,6 մլն․ դրամով։ Կապի ծառայության համար էլ 450 հազարով «Այֆոն 6» են գնել։ 2016 թվականին ԾԻԳ-ն իր համար նոր կայք է պատվիրել՝ դրա համար «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի միջոցներից մոտ 2,5 մլն․ դրամ վճարելով «Հելիքս Կոնսակտինգ» ընկերությանը։ Ընկերությունը հաշվետվությունում ներկայացրել է, որ պատվերը կատարված է, բայց 6 ամիս անց էլ դեռ ակտիվ էր նախկին կայքը, որը կառուցվել էր 2009 թվականին՝ նույնպես վարկի գումարներից։ Այս կայքերի, կրթնախի բոլոր մյուս անպիտան «գնումների» համար տոկոսով վճարելու են մեր հարկատուները։

Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, գալով պաշտոնի, անմիջապես փոխեց «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի տնօրեն Հասմիկ Ղազարյանին եւ այդ պաշտոնին նշանակեց ՀՀԿ-ական Գրիշա Հովհաննիսյանին։ Նա է շարունակելու ավագ դպրոցների զարգացման համար տրված ՀԲ մոտ 18 մլն․ դոլարի վարկի օգտագործումը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X