Իտալիայի դեսպանատունը թույլ չտվեց հավաքականի առաջատարներին մեկնել Մալթա

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Մալթայի հանրապետությունում արդեն մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Այս պահին Հայաստանը մրցում է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 մարզուհիներ։ Այդ մասին կարդում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում, միաժամանակ տեղեկանալով, որ մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների, քանի որ Իտալիայի դեսպանատունը, որ վիզաներ է տրամադրում նաև Մալթայի հանրապետության կողմից, 4 մարզիկների մերժել է վիզա տրամադրել։

Hraparak.am-ն այդ մասին զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ։ Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառաբանությամբ է դեսպանատունը մերժել մարզիկներին վիզա տրամադրել․ «Մենք էլ ենք սպասում հստակ պատասխանի, չնայած դա ոչինչ չի փոխի, շուտով խաղերը կսկսեն։ Ճիշտ կլինի, որ դեսպանատնից մեկնաբանեն, որովհետև մեր համար էլ է հարցական, 7- 8 մարզուհիներ ստացել են վիզա, չորս խաղացողի մերժել են»․- պատասխանեց Արթուր Նազարյանը։ Նրա խոսքերով՝ իրենք մինչև երեկ դեռ հույսեր ունեցել են, որ 4 առաջատար մարզիկները կկարողանան միանալ իրենց Մալթայի հանրապետությունում։ Վերջինս համոզված է, որ եթե ամբողջ կազմով լինեին, ապա ոսկե մեդալով կվերադառնային, թեպետ հիմա էլ մեր ներկայացուցիչները պայքարելու են․ «Հիմա պետք է մաքսիմում փորձեն հանդես գալ, բայց առանց փոխարինողների շատ դժվար է, նամանավանդ, որ երեք խաղ իրար հետևից է, 3 օր անընդմեջ խաղում ենք։ Բայց աղջիկները ամեն ինչ կանեն, որ պատվով դուրս գան այս ծանր իրավիճակից։ Մեզ էլ է ժամանակ պետք հասկանալու, թե ինչպես անել հետագայում, որ խուսափենք նման իրավիճակներից, որովհետև այս աղջիկները գալիս են Եվրոպայի առաջնություն Հայաստանը ներկայացնելու, տուրիստական ինչ-որ խմբակ չի, որ նման վերաբերմունքի արժանանան։ Մենք իհարկե հետևություններ կանենք»․- եզրափակեց Արթուր Նազարյանը։

Hraparak.am-ը փորձեց կապ հաստատել Իտալիայի դեսպանատան հետ, տեղեկանալու պատճառների մասին, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մեկնաբանություն
X