Քաղաքականություն

Ձեռքս կտրվեր

Մարդիկ դեռ շարունակում են քննարկել Ազգային ժողովի վերջին ընտրությունները։ Ոմանք՝ հուսահատված, մյուսները՝ ոգեւորված, երրորդներն անտարբերությամբ գնահատականներ են հնչեցնում, բնութագրում դրա արդյունքում ձեւավորված խորհրդարանը։ Զրուցակիցս մարզերից մեկում գործունեություն ծավալած գործարարներից է, միջին ձեռնարկության սեփականատեր, որ շատ բան է տեսել այս տարիներին, շատ բան է գլխով անցել։ Նա չի հաղթահարել այս ընտրությունների շոկը եւ ինքն իրեն էլ չի ներում Հանրապետականին ձայն տալու համար։ Պատմում է, որ ՀՀԿ ցուցակով առաջադրվել էր իր մանկության ամենամտերիմ ընկերներից մեկը, որին մերժելը նույնն է, ինչ հարազատ եղբորդ մերժես։ Ու ստիպված է եղել ոչ միայն նրան տալ իր թանկ քվեն, այլեւ ամեն ինչով օգնել՝ քարոզչություն անել, մտերիմներին համոզել, որ իրենց ձայնը տան Հանրապետականին, որ իրենց ընկերն անպայման ընտրվի։ Ցավով ու ափսոսանքով է պատմում այդ մասին։ Հետն էլ հառաչում․ «Ձեռքս կտրվեր։ Բա ես կյանքում Հանրապետականին ձայն կտայի՞։ Ի՞նչ անեի՝ 10 տարեկանից միասին ենք եղել, ամեն ինչի միջով անցել ենք։ Ինքն էլ ոչինչ չէր խնայի ինձ համար։ Ես ո՞նց չօգնեի։ Ո՞վ էր մտածել էս խարդախ, կեղտոտ համակարգը։ Ո՞ր շան որդին։ Իմ ձեռքով կխեղդեի էդ ռեյտինգային կոչվող համակարգը ստեղծողին։ Բա էսքան դեմ լինես իշխող կուսակցությանն ու գնաս հենց դրա՞նց ձայն տաս»։ Ապա վերլուծությունը տեղափոխվում է գործող Ազգային ժողովի դաշտ։ «Տեսա՞ք ինչքան սխալ էր էդ համակարգը՝ ոչ որակապես շահեցինք, ոչ հեռանկարի առումով։ Էդքան թմբկահարում էին պառլամենտական կարգը, ի՞նչ ստացանք՝ անորակ պառլամենտ, որը շատ ու շատ զիջում է նախորդին։ Դա՞ էր Հանրապետականի ուզածը։ Փոխանակ առաջ գնանք՝ զարգանանք, մենակ հետ ենք գնում»։

Մեկնաբանություն
X