«Գրական տապանն» այլևս չի լինի, ձևաչափը չի բավարարում նախարարությանը

2001-ից մշակույթի նախարարության աջակցությամբ, արդեն ութ անգամ իրականացվող «Գրական տապան» միջազգային փառատոնը հնարավոր է այլեւս չլինի, պատճառի մասին պաշտոնապես դեռ չի բարձրաձայնվել։ Փառատոնի հիմնադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ չկարողացանք կապ հաստատել, այդ պահին նա բացակայում էր քաղաքից։

«Գրական տապանի» փակվելու շուրջ մեզ պարզաբանումներ տվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով մասնավորապես նկատեց. «Կարծում եմ՝ մենք ուշացրել ենք կազմակերպչական աշխատանքները, եւ, թերեւս, այս տարի չլինի, որովհետեւ այն ձեւաչափը, որ գոյություն ուներ, մեզ չի բավարարում։ Նոր ձեւաչափի առումով ես քննարկումներ եմ անցկացնում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ու մարդկանց հետ։ Հիմնական վստահության շեշտը դրել եմ Դավիթ Մաթեւոսյանի վրա, որովհետեւ փորձում ենք նոր ձեւաչափ գտնել, եթե հասցրինք, այս տարի կիրականանա»։

Թե ինչպես է ստացվում, որ 2001-ից իրականացվող միջազգային փառատոնը, որին նախարարությունը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել, հանկարծ դառնում է ոչ արդյունավետ, իրականում որն է խնդիրը, Ամիրյանն ասաց. «Անել վատ՝ չէի ուզի, կանենք լավ, եթե հասցնենք, այնպես չէ, որ միանշանակ չի լինի, բայց ժամկետների առումով մի փոքր արդեն ուշացել ենք, վախենում եմ չհասցնենք, իսկ անել այնպես, ինչպես նախորդ տարիներին է եղել, չեմ ուզում»։ Այսինքն՝ վա՞տ են արել նախորդ տարիներին։ «Չեմ ուզում գնահատական տալ, ես հիմա մի փոքր վեկտորի փոփոխություն եմ նախատեսել նաեւ այդ փառատոնի առումով, եւ այն փոփոխությունը, որ նախատեսում ենք, շատ աշխատատար է եւ շատ ծախսատար։ Կփորձենք հասցնել այս տարի, եթե՝ ոչ, եկող տարվա սկզբից կսկսենք անել»։ Հնարավո՞ր է «Գրական տապանի» փոխարեն նոր ձեւաչափով փառատոն լինի։ «Այո, փոխարենը կանենք մի բան, որը նման կլինի նախորդ արածներին, բայց դա «Գրական տապանը» չի լինի»։

Սա ի՞ր որոշումն է, թե՞ Հասմիկ Պողոսյանի, ում անունը շրջանառվում է փառատոնի փակման հարցում։ Արմեն Ամիրյանը նշեց, որ չգիտի, թե այս հարցում Հասմիկ Պողոսյանն ինչ է արել եւ ինչ մտածել, բայց սա իր որոշումն է։

Հիշեցնենք, որ «Գրական տապանի» շրջանակում անցկացվում էին գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր։ Հայաստան ժամանած գրողները, ծանոթանալով մեր երկրի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին, այցելում էին տեսարժան վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ եւ իրենց տպավորությունները հանձնում թղթին, որից հետո յուրաքանչյուր տարի հրատարակվում էր «Գրական տապանի» մասնակից գրողների՝ փառատոնի եւ Հայաստան այցի մասին տպավորությունները ներկայացնող ստեղծագործությունների երկլեզու (հայերեն եւ բնօրինակ) ժողովածու:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X