Կոմպոզիտորների միությունը կունենա իր պաշտոնական ամսագիրը

Հայաստանի կոմպոզիտորների միությունը շուտով կունենա իր պաշտոնական ամսագիրը։ Այդ մասին մեզ հետ զրուցում ասաց միության նախագահ Արամ Սաթյանը, ով մասնավորապես նկատեց, որ խորհրդի անդամները միաձայն ողջունել են իր գաղափարը՝ նշելով, որ սա կլինի եւս մեկ հիանալի հնարավորություն՝ հանրությանը ներկայացնելու հայ կոմպոզիտորին, նրա ստեղծագործական ուղին, նրան առնչվող հետաքրիր փաստեր։

Ամսագիրը լույս կտեսնի սկզբնական շրջանում տարին երկու անգամ եւ կունենա 40 էջ։ Այն կհրատարակվի մասնավոր հովանավորների աջակցությամբ։ Ամսագրի անվանումն ու այլ մանրամասներ միության նախագահը չի շտապում բարձրաձայնել, ասում է՝ կարեւորը գաղափարն է, որն արդեն կա։ Թեեւ նախատեսվում է, որ առաջին համարը լույս կտեսնի այս ամիս, բայց այստեղ էլ չեն ուզում շտապել։ «Իհարկե, ուզում ենք, որ շուտ լույս տեսնի, բայց առաջին համարը պետք է լավը լինի, որ դրանից հետո հեշտ լինի խոսել»,- ասաց նա ու նշեց, որ խմբագրի ընտրության հարցում խորհրդի անդամներն առաջարկել են իրեն։ Սաթյանը կարծում է, որ նման ամսագրի կարիք վաղուց կար, եւ դա որոշակիորեն կակտիվացնի դաշտը։

Ինչպես նշեց միության նախագահը, ավարտին են մոտենում նաեւ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան մասին պատմող նոր դոկումենտալ ֆիլմի մոնտաժային աշխատանքները, եւ այն շատ շուտով հասանելի կլինի ամենքին՝ դառնալով յուրատեսակ գովազդ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված այս կառույցի համար։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X