Չղջիկներն անպարտելի են, իրավապահները չեն ուզում կտրել ոսկյա ճյուղը, որին նստած են

Վարդենիսը հայկական Սիցիլիան է։ Տպավորություն է, որ պետական մարմիններն այս քաղաքում գոյություն ունեն քրեական բարքերի ապահովման համար։ Վարդենիսում երեք հիմնական աշխատատեղ կա՝ հոսպիտալը, հոգեբուժարանն ու ոսկու հանքը՝ Սոթքը, որը Հայաստանի ամենահին հանքավայրերից է եւ մշակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից։ Ողջ Վարդենիսը «նստած» է ոսկու հանքի վրա։ Որոշ ընտանիքների համար սա պապենական բիզնես է՝ հորից որդուն անցնող, որն իր նրբություններն ունի։ Հանքը գողանում են գիշերով, 4-5 հոգանոց խմբերով։ Ահա ինչու գողացողներին չղջիկ են անվանում։

Չղջիկների խումբը կազմված է 5 հոգուց, որոնցից մեկը ղեկավարում է մյուսների գործողությունները։ Խումբը հետը պայթուցիկ է տանում, քարը պայթեցնում եւ կտորները տանում տուն։ Հանքի գործն իր ենթակառուցվածքներն ունի։ Օրինակ, կան քարի աղաց ունեցող անձինք, որոնք որոշակի գումարով աղում են գողացված հանքաքարը, մանրացնում, դարձնում ավազ։ Իհարկե, դա անում են գաղտնի։ «Հետո ավազը լվանում ենք, ազոտով վառում ենք, վերջում էլ ինչքան ոսկի եղավ, դա է վաճառվում։ Դե գիտես՝ ոսկու գրամը 18-19 հազար է, էլի։ Ասենք, լինում է, որ էսքան չարչարանքից հետո հազիվ մեր ծախսի փողն ենք հանում, լինում է՝ թիվ ենք բռնում։ Բարդ ու թանկ պրոցես է»,- պատմում է մեր «էքսպերտը»։ Երբեմն Վարդենիսի որոշ թաղերով երեկոյան անցնելիս կարող ես օդում ազոտի հոտ զգալ։ Ոսկու բիզնեսի ենթակառուցվածքներից է ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրությունը։ Որպես պայթուցիկ՝ չղջիկները հիմնականում ամոնալ են օգտագործում։

2016 թվականի հունիսին Վարդենիսում զոհվեց ամոնալի հայտնի արտադրող Գրիշա Շաբոյանը՝ Պոզնու Գրիշիկը։ Օրերս ընտանիքը նշեց նրա մահվան մեկ տարին։ Գրիշա Շաբոյանը զոհվել էր իր ավտոտնակում, ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելիս։ Ամոնալը պայթել էր, եւ տղայի մարմինը մաս-մաս էր եղել։ Նրան թաղեցին փակ դագաղով։ Գրիշա Շաբոյանն ընդամենը 30 տարեկան էր։ Նրա հարեւանները պատմում էին, որ տղան իր բարեկամներից մեկի հետ է եղել ավտոտնակում։ «Նրան ուղարկեց սուրճ պատրաստելու։ Բարեկամը երեխի հետ դուրս է եկել գարաժից, որ սուրճ եփի, մի րոպեից Գրիշիկը պայթել էր»։ Նա երկու մանկահասակ երեխա ունի, մեկը ծնվել է հոր մահից հետո եւ մեկ տարեկան չկա։ Հանքի գործի եկամտաբերությունը տատանվում է։ «Քար կա, որ հանում ես, մեջը հեչ մի բան էլ չես գտնի»,- ասում է հարեւաններից մեկը։

Չղջիկների եկամուտը կախված է նաեւ Սոթքի հանքավայրի ղեկավարության՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի խստությունից։ Գարնանը հանքում փոխտնօրեն էր փոխվել։ Պաշտոնի էր նշանակվել Հակոբ Սիմոնյանը, մականունը՝ Պստի Հակոբ։ Նա փորձեց խստացնել կարգապահությունը եւ պատերազմ հայտարարել չղջիկներին։

Վարդենիսում պատմում են, որ Պստի Հակոբը նրանց բռնացրել էր գողության ժամանակ եւ հրահանգել դուրս գալ, սակայն վերջիններս չէին ենթարկվել։ Հակոբ Սիմոնյանն էլ իր աշխատողին հրահանգել էր պայթեցնել հանքը՝ ներսում «աշխատող» չղջիկներով հանդերձ։ Այս դեպքից միառժամանակ անց Պստի Հակոբի ավտոմեքենան չղջիկները պայթեցրին։ Նա մեքենայի մեջ չէր եղել, եւ ոչ ոք չէր տուժել։ Այսկերպ չղջիկներն զգուշացրել էին նրան, որ խելոք մնա։ Դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց գույքը դիտավորությամբ ոչնչացնելու եւ ապօրինի զենք-զինամթերքի եւ պայթուցիկ սարքերի օգտագործման հոդվածով։ Նախաքննություն է ընթանում։ Քննչական վարույթներն սկսվում եւ ավարտվում են, բայց հանցագործությունները չեն պակասում, ոսկու հանքաքարի գողությունների վիճակագրությունը չի փոխվում, իսկ դրանով հարստացող հանցավոր խմբավորումները տարեցտարի ավելի ագրեսիվ են դառնում։

Մամուլը գրել է բանդաների պարագլուխներ Հրաչ Մանուկյանի, Ռաֆայել Թադեւոսյանի՝ Մեմիրի Ռաֆոյի մասին։ 2014 թվականին նրանց «ռազբորկաներին» զոհ գնաց 33-ամյա Արման Մանուկյանը: Նրա ողջ ընտանիքն զբաղվում էր հանքի բիզնեսով։ Մեմիրի Ռաֆոն այս գործով ազատազրկման դատապարտվեց։ Երեկ տեղեկացանք, որ մի երկու ամիս առաջ նա բերդում մահացել է։ Անցյալ տարի էլ կրակոցներ հնչեցին Սուրբ Վարդան կոչվող սրբավայրում, մեկ անձ վիրավորվել էր՝ Վահե Մանուկյանը, բայց ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Թվում է՝ իրավապահները խուսափում են «ոսկու» գործերը մինչեւ վերջ բացահայտելուց։ Տեղացիները սա բացատրում են նրանով, որ ոստիկանությունն իր «նալոգներն» ունի չղջիկներից եւ հակված չէ սղոցել ոսկյա ճյուղը, որի վրա նստած է։ Նույնիսկ հստակ թվեր են նշում՝ յուրաքանչյուր ամսական 1500-2000 դոլար՝ խմբից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X