Սեվանի ճակատագիրը

Կործանումն ու փրկությունը․ ահա թե ինչից է կազմվում Սեւանա լճի ճակատագրի բաղադրությունը: Փոխվում են դարաշրջաններ, փոխվում են կարգեր ու իշխանություններ, եւ, այդուհանդերձ, Սեւանի կործանման ու փրկության հարցը մնում է այժմեական:

Առաջարկվում է 2017 թվականին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն․ խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն լրացուցիչ ջուր բաց թողնել: Թիրախային պատճառաբանությունն ու հիմնավորումը 130 հազար գյուղացու ոռոգման ջրով ապահովելն է: Շարմազանովը խիստ մտահոգությունների մեջ է, վերհիշել է եւ վերհիշեցնում է «կատաստրոֆաների» մասին, հույժ անհանգստացած է գյուղացիների ճակատագրով․ «Կատաստրոֆիկ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք պետք է պարզ ճակատով մտնենք, այդ գյուղացիներին ասենք, որ գիտե՞ք ինչ կա, որ Սեւանի մակարդակը մի քանի սանտիմետր ավել լիներ, մենք ձեզ ոռոգման ջուր չտվեցինք, որ դուք վարկեր ավելի շատ վերցնեք, ձեր երեխաների ուսման վարձը չկարողանաք վճարել»:

Էդուարդ Շարմազանովը քաջատեղյակ է, որ Հայաստանում բնակվող երկրագործ գյուղացին ծայրահեղ աղքատության շեմը վաղուց է հատել, որ գյուղացին իր գոյությունն ինչ-որ կերպ պահպանում է վարկերի տակ մտնելով, որպեսզի երեխաներին դպրոց ուղարկի, ապահովի նրանց սոցիալական կյանքի տարրական պայմանները, ուստի պահանջում է քվեարկել նախագծի օգտին եւ բառիս բուն իմաստով փրկել 130 հազար աղքատ գյուղացիների՝ նոր վարկերի տակ մտնելու վերահաս վտանգից, անելանելի ու ահագնացող հուսահատությունից:

Անցած տասնամյակները ենթատեսակ ու միակերպ շարմազանովներին մի բան սովորեցրին՝ Ազգային ժողովի բեմահարթակից աղետի մասին խոսել տարակա: Այսինքն՝ խոսել անմատչելի, անգամ գոյություն չունեցող մի անհաղորդ հեռավորության վրա ապրող օտարաբանի հռետորությամբ: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ գյուղացիները (եւ ոչ միայն նրանք) շարմազանովների գլխավորած իշխանության օրոք իրենց սեփական երկրում հասան չքավորության այս շեմին, վարկերի ու անհուսության տակ տապանված, եւ, վերջապես՝ ովքե՞ր են պատասխանատուները: Այս հարցադրումները որքան էլ ճարտասանական են, այնուամենայնիվ, ծագում են ըստ էության: Մարդն ասում է՝ «կատաստրոֆիկ է», սրա համար ովքե՞ր են մեղավոր, ինչո՞ւ է այդպես ստացվել՝ բնավ խնդրո առարկա չէ, մարդը հենց այս րոպեիս պետության ներսում ծագող կատաստրոֆաների դեմն առնելու ելքեր է խրախուսում: Ահա, նորընծա Ազգային ժողովի գործառույթն ու պատկերը՝ բարձրանալ բեմ, չժխտել, որ պետությունը փլակույտի առջեւ է կանգնած, ընդհակառակը՝ վերահաստատել այդ փաստը եւ հեռագրային ոճով ելքեր մատնանշել:

Սեւանը, որի վճարովի ափերը վաղուց են օտարել, կալանել շքեղ առանձնատներով, խորթացրել սեփական ժողովրդից, օրերից մի օր պիտի վերադառնա, բայց միայն այն ժամանակ, երբ վերջապես հատնի շարմազանովների ժամանակը: Եվ ուշ թե շուտ՝ դա լինելու է, պարզապես ինչ վիճակում է վերադառնալու մեր լիճը, պատկերացնելն անգամ ծանր է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X