Կարճաղբյուրցիք ուրախացել են, որ օլիգարխի ձկնաբուծարանը վնասվել է

Մի երկու տարի առաջ Արարատյան դաշտավայրում խորքային ջրերի սպառման պատճառով խոշոր ձկնարդյունաբերողներն իրենց արտադրությունը տեղափոխեցին Սեւանա լիճ եւ այստեղ սկսեցին ձուկ աճեցնել ցանցային եղանակով։ Բնապահպանները դժգոհում էին, որ ձկնարդյունաբերության այս եղանակը ոչնչացնում է լճի էկոհամակարգը, փչացնում ջրի որակը։ Իսկ տեղի բնակիչներն սկսեցին նախանձով հետեւել օլիգարխների արագ հարստացմանը։

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի բնակիչները պատմում են, որ մի քանի ամիս առաջ վթար էր եղել այստեղ գտնվող խոշոր ձկնաբուծարաններից մեկում։ «Ավազանի պատը փլուզվել էր, ցանցերը պայթել էին, սիգը լցվել էր լիճը»,- պատմում են կարճաղբյուրցիները։ Այս միջադեպը ոգեւորել էր նրանց՝ նախ, որովհետեւ այնքան ձուկ էր լցվել ափամերձ ջրերը, որ այդ օրերին սիգի գինը երեք անգամ ընկել էր, եւ ձկնորսները մի քանի օր կիլոգրամը 50 դրամով էին վաճառում։ Երկրորդն էլ՝ որովհետեւ ավազանի արարատցի տերերը լավ տուժել էին։ Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը հիշեց այդ դեպքը, սակայն ասաց, որ գյուղացիները չափազանցնում են՝ նշելով, որ ավազանի փլուզման պատճառով են սիգի գներն իջել։ «Ընդամենը մի քանի օր այդ տնտեսության տերը ձուկ չիրացրեց, իսկ հետո տեղափոխեց արտադրությունն այստեղից»,- ասաց նա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X