Մեդիախոհանոց․ Չէ՞ որ մենք միայն բարեգործական ծրագրերով ենք զբաղված

Լրագրողների հետ յուրահատուկ աշխատաոճ են որդեգրել ոչ միայն գերատեսչություններն, այլեւ տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, նրանց հանրային կապերի վարչության պետերը։ Թվում է, թե տարրական տրամաբանությունն ու էթիկան պահանջում են, որ երբ X լրատվամիջոցի լրագրողը դիմում է որեւէ կազմակերպության կամ հիմնադրամի նրա ղեկավարից հարցազրույց վերցնելու խնդրանքով, ապա դա չպետք է վերածվի մանրակրկիտ հարցաքննության։

«Իսկ ի՞նչ հարցեր եք պատրաստվում տալ, թվարկեք դրանք, որ մենք իմանանք, թե ինչ եք ուզում գրել, ի՞նչ կոնտեքստով եք գրելու մեր կազմակերպության մասին, լա՞վ իմաստով, թե՞ վատ, չէ՞ որ մենք միայն բարեգործությամբ ենք զբաղված, բարեգործական ծրագրեր ենք իրականացնում, կարող ենք հերթով թվարկել, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել»,- մեր հարցերին սովորաբար հետեւում է այս հարցերի տարափը։ Ստիպված ես բացատրել, որ դու որեւէ միտում չունես իրենց գործունեությունը ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական լույսի ներքո ներկայացնելու, քեզ հետաքրքրում է քե՛զ հուզող հարցերի պատասխանները ստանալը։ Ի վերջո, եթե դու պաշտոնատար անձ ես կամ կազմակերպության ղեկավար, ապա պետք է պատրաստ լինես լսելու եւ պատասխանելու քեզ ոչ հաճելի, երբեմն նույնիսկ հունից հանող հարցերի։ Ստիպված ես բացատրել նաեւ, որ լուրերը կարող են լինել ճիշտ կամ սխալ, ոչ թե լավ կամ վատ լույսի ներքո ներկայացվող։ Ջանքեր ու ժամանակ են պահանջվում բացատրելու, որ լրագրողին, թերթին պետք է «կենդանի» հարցազրույց տվյալ կազմակերպության ղեկավարի հետ, որովհետեւ գրավոր հարցումների միջոցով միշտ չէ, որ դու ստանում ես քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մյուս տարբերակն էլ կա անցանկալի լրագրողից ազատվելու համար՝ կազմակերպության կայքում տեղադրված է ամեն ինչ, կարող եք կարդալ ու ծանոթանալ։

Դե եթե բոլոր պաշտոնական կայքերում ամեն ինչ տեղադրված է, դրանք էլ լրագրողը պետք է ընդունի «հալած յուղի» պես, ապա էլ ի՞նչ կարիք կա պաշտոնյաների գործունեությամբ հետաքրքրվելու, նրանց ստվերային եւ մութ կողմերը բացահայտելու։ Կամ՝ եթե դուք ցանկանում եք նախօրոք իրազեկվել հրապարակվելիք նյութի բովանդակության մասին, ապա ինչո՞ւ պետք է լրագրողը ձեզ հարցեր ուղղի։
Կազմակերպություններ կան, որ նույնիսկ թերթի լոգոյով ուղարկված հարցմանը լուրջ չեն վերաբերում եւ միայն հերթական զանգերից հետո են պատրաստվում արձագանքել։
Եվ ինչպես պաշտոնյաները, այնպես էլ կազմակերպությունների ղեկավարները ստիպված են լինում սթափվել միայն այն ժամանակ, երբ հայտնում ես, որ դու քո ունեցած տեղեկություններն այդ դեպքում կհրապարակես։

Չենք կասկածում, որ այսօր հասարակական, բարեգործական եւ այլ տիպի կազմակերպությունների ղեկավարները, նրանց հանրային կապերի վարչության պետերը ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ արտերկրում ավարտել են վերապատրաստման դասընթացներ, թե ինչպես է պետք աշխատել ԶԼՄ-ների հետ, ձեռք են բերել տարբեր վկայագրեր, հարկ եղած դեպքում նրանք իրենց խոսքը համեմում են նաեւ օտարալեզու եզրույթներով, որպեսզի ավելի գրագետ ու բանիմաց երեւան զրուցակցի մոտ։ Նաեւ՝ կարող են խոստանալ, որ կներկայացնեն իրենց աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություն՝ թվեր, թվեր, թվեր․․․

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X