Շների համար հարկ են վճարում, բայց չեն թողնում զբոսանքի տանել

Երևանում շների համար նախատեսված հատուկ զբոսայգիներ չկան, շնատերերն էլ չեն կարողանում բավարարել չորքոտանիների պահանջը, թույլ չեն տալիս ման տալ, արգելված է։ Նման մի ահազանգ ստացանք վերջերս։ Ինքնաստեղծ «Խասկի Արմենիա» միության անդամներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի զբոսայգիներ արգելում են շների հետ մուտք գործել. «Ցանկացած տեղ, ուր գնում ենք շան հետ, գալիս են ոստիկանները, ասում են՝ չի կարելի։ Օրինակ՝ Սունդուկյանի այգի, քաղաքում ցանկացած մի տեղ, որտեղ կա խոտածածկ»։ Պնդմանը, թե օրենքն արգելում է մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում շների զբոսանքը, իրենք տեղյա՞կ չեն, զրուցակիցս նշեց, որ տեղյակ են, բայց և տեղյակ են, որ Կարապի լիճն ու հարող զբոսայգին չեն համարվում մշակութային նշանակության։ «Օրենքում տրված ա՝ մշակութային կենտրոններում, սպորտային տարածքներում, մանկական հրապարակներում արգելվում ա շան հետ զբոսանքը, բայց Կարապի լիճը իրանք չեն կարում բացատրեն, թե ինչքանով ա համարվում մշակույթի կենտրոն։ Զանգում ենք քաղաքապետարան, ասում են՝ քանի որ Քայնե Ուեսթը մտել ա ջրի մեջ, դրանից հետո ինքը համարվում ա մշակութային կենտրոն»։

Սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ Օպերայի շենքի հարակից տարածքում, այդ թվում Կարապի լճին հարող զբոսայգում շներին զբոսանքի տանելը արգելվում է Երևանի ավագանու որոշմամբ, և դա որևիցե կապ չունի Քայնե Ուեսթի «միջադեպի» հետ. «Ուղղակի վերջին շրջանում շների կողմից Կարապի լճում լողացող կարապների վրա հարձակվելուց հետո այդ տարածքում ուժեղացվել է հսկողությունը»:

Մեր հարցին, թե Երևանում կա՞ն շների համար նախատեսված հատուկ զբոսայգիներ, քաղաքապետարանից պատասխանեցին, որ չկան նման զբոսայգիներ, սակայն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից աշխատանքներ են տարվել և տարվում են շների զբոսանքի համար հատուկ տարածքներ առանձնացնելու ուղղությամբ:

Իսկ թե որքանով են ավտանգ առանց դնչկալ շները հասարակության համար, «Խասկի Արմենիայի» անդամ զրուցակիցս նշեց, որ խասկի (հասկի) տեսակի շները անվտանգ են, ու օրենքը թույլ է տալիս այդ ցեղատեսակի շներին առանց դնչկալի զբոսանքի տանել. «Խասկին նենց ցեղատեսակ ա, որ ոչ մեկին վատություն չի անի։ Դրա համար շատ հանգիստ են նայում թե մարդիկ, թե մնացածը։ Օրենսգրքով տված ա, որ իրանք միակ ցեղատեսակն են, որ առանց դնչկալի կարող ես հասարակական վայրում ման տալ»։

Մինչդեռ զբոսայգիներում իրենց երեխաների հետ հաճախակի զբոսնող մայրերը հակառակն են պնդում՝ նշելով, որ երեխաները վախենում են շների ներկայությունից, իսկ չվախեցողներն էլ անպայման ուզում են խաղալ կենդանիների հետ, որը հղի է վտանգներով։ Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հաճախ են զբոսայգի գնում, որտեղ նկատում են նաև մարդկանց՝ երեխաներից էլ մեծ չափսերի շների հետ։ «Առանց դնչկալի, մեծ չափսերով շներ են բերում։ Ինչքան էլ վստահեցնում են, թե չեն կծում, միևնույն է՝ վատ դեպքը մեկ անգամ է լինում, վտանագավոր են։ Իսկ երեխաներն էլ սիրում են շների հետ խաղալ։ Այս հարցին պետք է լուծում տրվի, հատուկ զբոսայգիներ հատկացվեն շների համար, թե չէ մենք դեմ ենք նույն զբոսայգում երեխաների հետ հսկա շների առկայությանը»։

Ի դեպ, վերջին տարիներին ընտանի կենդանիների պահելու հետ կապված բազում հրապարակումներ եղան, պատճառն էլ Երևանի ավագանու՝ տարիներ առաջվա որոշումն էր. Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար քաղաքացիները պետք է 5 հազար դրամ տուրք վճարեն։ Պետտուրքի վճարումը պետք է որ ենթադրեր նաև շների հետ անկաշկանդ զբոսանք իրականացնելը։ Իսկ դրա համար հարկավոր են հատուկ զբոսայգիներ, ինչպես որ ընդունված է աշխարհի մի շարք երկրներում։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X