Ես մահացել եմ, մարդիկ․․․

Տատս հարյուր տարեկան էր, երբ մահացավ։ Վաթսունին մոտ թոռ ու ծոռ ուներ։ Այնպես աղեկտուր էինք լացում, հիշում եմ, կուսակցական պաշտոնյաներից մեկը, երբ մտավ տուն, ասաց՝ այնպես են ողբու՜մ, ասես 17 տարեկան ջահել աղջիկ են կորցրել։ Այդ խոսքը «դանակ դարձավ» ու իմ հարազատները նրան չներեցին․․․ Չներեցին, որովհետև մայրը տարիք չունի։

Ազգի Մեծն էլ, երբ հանգում է, նույնն է։

․․․ Մայրն ու Մեծը հավերժության հետ են կապվում։

Հիմա թեթև սահենք մեր գորշ իրականություն։ Այսօր առավոտյան մահացել է հայազգի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը՝ մեր Մեծը, ում անվանում են կենդանի լեգենդ։ Ուզում եմ նրան բնորոշող մի մեջբերում անել․

Ղուկաս Չուբարյան
Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ

«Սյունիք աշխարհի ձորերում ծնած, անմեղ, դեռ թոթով
մանկան շուրթերի աղերսը լսեց Ազատն Աստված։
Մուրճն էր պողպատե աղերսը իրեն։
Օրեր, ամիսներ, տարիներ բազում անցել-գնացել, ետ չեն դառնալու։
Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք։
Ձեռքին է մուրճը և չի ժանգոտվում։
Պարտքն է իր եղել հավերժին հանձնել քարե կերտվածքը ազգի մեծերի,
դարերի խորքից մեր օրը բերող կամուրջ է կապել, արթուն է պահել հավատքը
ազգի, որ ապրում այսօր ու հավերժ կապրի
կապույտ երկնի տակ հայրենի երկրի։
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է քանդակագործը՝ օժտված բացառիկ տադանդով և եզակի հմտությամբ։ Անխոնջ մշակն է աստվածատուր իր կոչումի»։

Մահացել է հայտնի քանդակագործը, ով հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974-ին: 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակներ, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի Մարքսի կիսանդրին, Սիսիանի մուտքի արծիվը, Հայրենական պատերազմում զոհված քուրթանցիների հուշարձանը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու հարթաքանդակները, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները, Մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի հարթաքանդակները, օղակաձև զբոսայգում տեղադրված Տիգրանյանի կոթողը, Օրբելյանների հուշահամալիրը Ծաղկաձորում, Սիսիանում գտնվող Նիկողայոս Ադոնցի հուշարձանը, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ:

Մահացել է քանդակագործը։ Այնպես անձա՜յն է․․․ Ասես ոչինչ չի ստեղծել, ասես Մեծ չէ․․․
Ակամայից հիշում եմ կուսակցական պաշտոնյայի խոսքերը՝ այնպես են ողբու՜մ, ասես 17 տարեկան ջահել աղջիկ են կորցրել։ Մայր էինք կորցրել։ Գերդաստանի մայր։

․․․Հիմա ազգի Մեծ ենք կորցրել, նահապետ, ով ոչ թե 60, այլ մի ողջ գենետիկ հարստություն է նվիրել ազգին։

Սա հենց այն է, ինչից պիտի վախենալ։ Արժեքներն այլևս մեր աչքին չեն երևում․․․ Կորցնում ենք մեր դեմքը։

Այնպիսի մի զգացում է, որ Մեծը, քանդակագործը պիտի արթնանա ու հիշեցնի՝ մարդիկ, ես մահացել եմ։

ՀԳ Երբ ողջերը լռում են, մահացածներն են խոսում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X