Հրաժարվեք տորթից

Հեռվից ամեն ինչ հեշտ է թվում, եւ խորհուրդ տվողների պակաս էլ մեզանում չկա, մանավանդ՝ տնտեսությունը շտկելու հարցերում։ Կառավարության բոլոր ղեկավարներին էլ մինչ վարչապետի պաշտոնում նշանակվելը թվում էր, թե փայտիկի մի շարժումով իրավիճակը կփոխեն, իր նախորդն ապաշնորհ էր ու ծույլ, այ, երբ ինքը գա իշխանության, մի քանի օրվա, լավ՝ մի քանի ամսվա ընթացքում այնպիսի բեկում կապահովի, որ բոլորն իրենց մաշկի վրա կզգան, եւ երկիրը դուրս կգա այս «փոսից»։ Այդպիսի վառ հույսերով վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, նույնքան լավատես էր Հովիկ Աբրահամյանը, էնտուզիազմի պակաս չուներ նաեւ Կարեն Կարապետյանը։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում էր՝ մի մարդ կա, որ կարող է փրկել իրավիճակը, եւ բոլորը հասկանում էին, թե ով է այդ մարդը։ Անշուշտ, կարելի է մի փուլ էլ Բագրատյանին «փորձել», բայց կյանքը ցույց է տալիս, որ այս պաշտոնում նշանակված անձից ոչինչ կամ գրեթե ոչինչ կախված չէ։ Մեզ կփրկի միայն գլոբալ եւ ոչ ստանդարտ փոփոխությունների փաթեթը։ Այս առումով ճշմարտությանն ամենամոտը Լեւոն Տեր-Պետրոսյանի մերժված կոնցեպցիան է՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կտրուկ բեկում գրանցելու մարտավարությամբ։ Մի հարցում էլ թերեւս գլոբալ փոփոխության կարիք կա՝ պաշտոնին, իշխանությանը, կարգավիճակին պաշտոնյաների վերաբերմունքի փոփոխության առումով։ Մինչեւ այդ մարդիկ, մանավանդ՝ բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները, չզգան իրենց պատասխանատվության չափը, չգիտակցեն, որ իրենց ցանկացած քայլից ու որոշումից է կախված մի ողջ երկրի ապագա, բարեփոխումներ անել, իրավիճակը շտկել չի ստացվելու։ Կառավարության անդամներն ու պաշտոններ զբաղեցնողները մնալու են իշխանական տորթից ինչ-որ բան փախցնողներ։

Մեկնաբանություն
X