Մուննաթ ու անտեղյակություն

Մի հին անեկդոտանման պատմություն կա․ եգիպտական մագաղաթներից մեկի վրա գրություն են հայտնաբերում, թե ինչքան վատն է նոր սերունդը, եւ ինչքան լավն էին իրենք՝ հայրերը։ Հեռուստատեսության հետ կապված մեր փնթփնթոցները կամաց-կամաց նմանվում են եգիպտական ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվող դժգոհություններին։ Ազգային ժողովում հեռուստատեսության հետ կապված յուրաքանչյուր քննարկման ժամանակ պատգամավորները խոսում են գաղափարազուրկ ու մակերեսային վերաբերմունքի, փողոցային ժարգոնը եթեր բերելու, մատաղ սերնդին չկրթող հաղորդումներ հեռարձակելու մասին։ Եվ ամեն անգամ այդ խոսակցությունն այնքան մակերեսային ու տնավարի է ընթանում, որ մտածում ես՝ եթե ժողովրդի ընտրյալն ու ուսյալն է այսքան կիսագրագետ, անտեղյակ ու անհանդուրժող, ինչո՞ւ պետք է եթերի որակը շատ բարձր լինի, հեռուստադիտողն էլ բարձրարժեք մշակութային պահանջներ ունենա։ Դեռ ինչ-որ տեղ կարելի է համաձայնել այն կարծիքների հետ, որ մարդկանց նեղ անձնական հարցերի շուրջ կիսաբաց ու կեսքուն քննարկումներ կազմակերպելը վատ ճաշակի դրսեւորում է եւ վատ ավանդույթների ստեղծման հիմք է դնում։ Բայց որտե՞ղ է մարդկային պարզ հետաքրքրասիրությունը բավարարելու եւ ուսանելի, կյանքից բխող հաղորդումներ անելու թույլատրելի սահմանը։ Անշուշտ, կարելի է առաջարկել, որ եթերը կազմված լինի միայն մեր մեծերին ներկայացնող հաղորդումներից՝ Արամ Խաչատրյան, Լեւոն Արոնյան, բայց քանի՞ մարդ կնայի այդ հաղորդումները, ի՞նչ լսարան կունենա այդ հեռուստաընկերությունը։ Գոնե եթե նման պահանջ դրվեր միայն Հանրային հեռուստաընկերության առաջ, էլի հասկանալի կլիներ։ Իսկ այսպես՝ պահանջատիրոջ մուննաթով ու հայտարարություններով, թե՝ ես չեմ նայում հեռուստացույց, բայց կարող եմ քննադատել, ով ասես կարող է։

Մեկնաբանություն
X