Ի՞նչ գույնի են քո աչքերը, Էլվինա․․․

ԱՄՆ-ում ուղիղ տասը տարի առաջ այս օրը առավոտյան երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանին սեփական բնակարանում հայտնաբերել էին անշնչացած: Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։ Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակում նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար: Նա ընդամենը 60 տարեկան էր:

Նրա վերջին հարցազրույցը՝ մահից մեկ շաբաթ առաջ, եղել է լրագրող Արտակ Ալեքսանյանի հետ՝ Ամերիկայի իր բնակարանում։ Խիստ տպավորիչ է լրագրողի զգացողությունը․

Էլվինա Մակարյանն ավելի փոքր ու փխրուն էր, քան կարող է թվալ հեռուստացույցից: Երկար, սև ու շիկահեր խիտ մազերով, ակնոցներով, ծխախոտը ձեռքին… նա հազիվ իմ ուսից լիներ: Հենց այդ պատճառով՝ մի տեսակ անպաշտպան տեսք ուներ: Ծխախոտից խռպոտած ձայնը կարծես նշան էր նրա ուժեղ կամքի ու բնավորության: Հետո, սակայն, մեր զրույցից պարզ դարձավ, որ այն խռպոտած էր ցավոտ օրերից, դաժան կյանքից ու անխնա ճակատագրից։

Հալածված իր երկրում․․․

Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր։ Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը։ Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան: Բայց ամենածանր հարվածն առջևում էր: Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, ինքնասպան է լինում 28 տարեկան հասակում:

Ավելի քան հուզական է լրագրողի վերջաբանը․

Երբ հեռանում էի երգչուհու բնակարանից, չգիտես ինչու, հարցրեցի. «Կներեք, բայց անընդհատ ուզում էի հարցնել… ի՞նչ գույնի են Ձեր աչքերը»:
«Օվկիանոսի… սովորաբար կանաչ են, բայց երբեմն դառնում են ավելի մոխրագույն, երբեմն՝ անգամ երկնագույն»:
Էլվինա Մակարյանի մահից մի քանի շաբաթ անց նրա հարազատները Խաղաղ օվկիանոսի վրա շաղ տվեցին երգչուհու մոխիրը: Ու ամեն անգամ Արևամուտի օվկիանոսը հիշեցնում է երգչուհու զարմանալի գեղեցիկ աչքերը: Խաղաղություն քո աչքերին, վարպետ:

ՀԳ Ամենածանրը սեփական երկրում հալածվելն է, երբ ընդամենը երգում էիր ցավից խռպոտված ձայնով։

Մեկնաբանություն
X