Շախմատելու արհեստը

Սերժ Սարգսյանը միշտ վերընտրվում է՝ լինի ՀՀ նախագահի պաշտոնում, թե Շախմատի ֆեդերացիայի ղեկավարի: Օրեր առաջ նա միաձայն (ինչպես միշտ) Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Սերժ Սարգսյանի համար շախմատն ի բնե առանձնակի տեղ է զբաղեցրել, եւ այս սպորտաձեւի հանդեպ նրա մասնահատուկ վերաբերմունքը երբեւէ չի թաքցվել, ընդհակառակը՝ ցուցանվել է հնարավոր առիթներով՝ դառնալով առօրեական խոսքուզրույցի առարկա՝ գերաճելով անգամ զավեշտալի միֆականության․ «Շախմատ է խաղում», «Լրիվ շախմատիստ է», «Ի՜նչ շախմատային հերթական քայլ արեց»… ահա թե ինչ հրաշագործությունների է ունակ նրա շախմատասիրությունը»:

Այդպես է․ քաղաքական դաշտում ու դրա շրջագծից դուրս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուժեղ ու շրջահայաց շախմատիստի համբավ է վաստակել, ով միշտ լավ մարզավիճակում է: Նախագահի համար «լավ մարզավիճակի մեջ լինելը» մասնավորապես նշանակում է միանձնյա պահպանել եւ շարունակել իշխանության տնօրինումը, ինչը համապատասխան որոշումներ եւ քայլեր է պահանջում:
Ապուշների ու խեղկատակների բնազանցական տագնապներն անվերջ-անդադար Ս. Սարգսյանի՝ քաղաքական դաշտում շախմատելու մեծ վարպետությունից են հորջորջում՝ ներառելով նրան երեւակայական ինտելեկտի, ուշիմության ու կատարելամտության կաղապարի մեջ: Նախագահի համար սրանք բարենպաստ բաներ են, վերջիվերջո՝ ավելի լավ է շախմատիստ երկրի ղեկավար լինել, քան, ասենք՝ բասկետբոլիստ կամ բադմինթոնիստ (թեպետ փետրագնդակ խաղալու հմտությունները սերտելն էլ բնավ հեշտ գործ չէ), այնուամենայնիվ, շախմատը, որպես այդպիսին, ինտելեկտուալ սպորտաձեւի մեծ համբավ ունի։ Այդ է վկայում նաեւ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի շախմատի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի (ով նաեւ նախագահի սանիկն է) միջեւ կայացած հույժ ինտելեկտուալ բանավեճը, որը եզրափակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաբերած մտքի ֆանտաստիկ թռիչքով․ «Ես ուզում եմ, որ մենք բացի 5-6 գրոսմայստերից, ունենանք շախմատային մտածելակերպով եւս 50 հազար մարդ։ Շախմատը սովորեցնում է արդար հաղթել եւ արդար պարտվել։ Եթե մեր հանրության 5 տոկոսն այդ տրամաբանությամբ շարժվի, մեր երկիրը մեծ հնարավորություններ կունենա»:

Ահա, այսպիսի բաներ՝ նախագահի այս մի տեսակ նեղսրտած, հանրության ինտելեկտից ու էթիկական որակից փոքր-ինչ դժգոհ խոսքն ամբողջապես բխում է տասնամյակներում ձեւավորված հավատամքից: Սերժ Սարգսյանը շախմատիստների հանրություն է ուզում, այսպես ասած՝ «ինտելեկտուալների» դասակարգ, ովքեր, ինչպես ինքն է ասում՝ գոնե կարող են սովորել հաղթելիս արդար հաղթել եւ նմանապես՝ պարտվելիս գոնե արդար պարտվել:

Դե ինչ, մնում է շախմատային հերթական քայլը կատարել՝ քաղաքական որոշում կայացնել, որպեսզի շախմատ խաղալը եւ, ուրեմն, ինտելեկտուալ ու արդարամիտ լինելն ամենուր պարտադրվեն, ճախրեն երկրով մեկ, որպեսզի ինտելեկտուալ շախմատիստների ու շախմատային ինտելեկտի շնորհիվ հասարակությունը վերջապես հասարակություն դառնա, երկիրը՝ երկիր, որպեսզի հնարավորինս արագ կարգավորվեն պետության առջեւ ծագած արտաքին ու ներքին վտանգները, ծանր հիմնախնդիրները, 900 հազար աղքատ մարդիկ կարողանան աշխատատեղեր գտնել եւ օրվա սնունդ հայթայթել: Փաստ է՝ շախմատելու արհեստը պիտի ողջ հայ հասարակության նվիրական գործը դառնա, այս հասարակությանը չի սազում ունենալ ինտելեկտուալ շախմատիստ, ինտելեկտուալ շախմատիստներով շրջապատված նախագահ եւ լինել այսչափ անարդար:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X