Զուգարանի չօգտագործված թղթեր, ղեկավարի մատյաններ, գիլիոտինի շեղբ. Կառավարության գնումները

«Հրապարակ»-ը շարունակում է ուսումնասիրել Կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը և ներկայացնել ամենաուշագրավ գնումները։

Այսպես՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն 2017 թվականի մայիսի 25-ին Հասմիկ Հարությունյան անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքած պայմանագրով ձեռք է բերել 230 հազար 4 հարյուր դրամ արժողությամբ 48 վարագույր՝ մեկ վարագույրի համար վճարելով 4 հազար 8 հարյուր դրամ։

Նույն օրը արդարադատության նախարարությունը պայմանագիր է կնքել Իրինա Մելքոնյան անհատ ձեռնարկատիրոջ հետ, ըստ որի՝ ձեռք է բերվել ընդհանուր 60 հազար դրամ արժողությամբ 100 վկայականի կազմ, մեկ միավորի արժեքը՝ 6 հարյուր դրամ։ Նախարարությունը «ՊՐԵՄԻՈՒՄ ՊՐԻՆՏ» ընկերությունից ձեռք է բերել նաև 444 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 240 նոթատետր՝ կաշվե կազմով, որից 60-ը՝ ղեկավարի համար նախատեսված (միավորի արժեքը 4 հազար դրամ), 60-ը՝ սովորական նոթատետր (միավորի արժեքը 2 հազար դրամ) և 120 փոքր նոթատետր (միավորի արժեքը 700 դրամ)։ Նախարարությունը նույն ընկերության հետ կնքած մեկ այլ պայմանագրով ձեռք է բերել ևս 30 նոթատետր և 8 կաշվեպանակ ՀՀ զինանշանով՝ վճարելով 99 հազար դրամ։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Խաչիկ Պապիկյան ԱՁ-ի հետ մայիսի 25-ին կնքած պայմանագրով 150 հազար դրամի 50 ցերեկային լամպ է ձեռք բերել՝ յուրաքանչյուրը 3 հազար դրամ արժողությամբ։

Վարչությունը «ՍՈՖԱԴ» ընկերության հետ մայիսի 22-ին կնքած պայմանագրով ձեռք է բերել նաև 200 միավոր զուգարանի թուղթ՝ ռուլոնով, 20 հատ ձեռքի թղթե սրբիչ՝ ընդհանուր վճարելով 294 հազար դրամ։ Ի դեպ, պայմանագրում նշված է, որ պարտադիր պայման է վերոնշյալ ապրանքների օգտագործված չլինելը։ Վարչությունը Ռուբեն Հակոբյան ԱՁ-ից ևս ձեռք է բերել 70 տնտեսող լամպ՝ վճարելով 161 հազար դրամ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 15-ին «ՕԱԶԻՍ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ընկերությունից ձեռք է բերել 2 բջջային հեռախոս՝ ընդհանուր վճարելով 54 հազար դրամ։ Ինչպես նաև «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերության հետ կնքած պայմանագրով ձեռք է բերել ընդհանուր 640 հազար 720 դրամ արժողությամբ ձեռնոցներ և էլեկտրամագնիսական անջատիչներ։ Մասնավորապես, 30 ձեռնոց, 5 էլեկտրամագնիսական անջատիչ, 500 հատ էլեկտրական լամպ, 20 ցերեկային լամպ, 10 մեկուսիչ ժապավեն,10 վարդակ, 15 էլեկտրական երկարացման լար, 550 զուգարանի թուղթ, 400 մեկանգամյա օգտագործման բաժակ, 4 դույլ, 5 աղբարկղ, 80 թղթե անձեռոցիկ, 130 փոշու հավաքման կտոր, 100 հոտազերծիչ, կահույքի փայլեցման 20 միջոց, 10 լվացող, 50 մաքրող նյութեր, 100 օճառ, 2 կախիչ, լապտեր և այլ։ Ի դեպ, 2 կախիչի համար ՄԻՊ-ը վճարել է 30 հազար դրամ։ Նույն ընկերության հետ կնքած մեկ այլ պայմանագրով էլ ձեռք են բերվել հասցեների գնացման 10 գիրք և 50 մետաղյա ամրակ, որոնց համար վճարվել է 13 հազար դրամ։

Կառավարական գնումներից անմասն չի մնացել նաև բնապահպանության նախարարությունը։ Վերջինս «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ընկերության հետ կնքած 2 պայմանագրերով նախատեսված ձեռք է բերել ձևաթղթեր, մատյաններ՝ ընդհանուր վճարելով 866 հազար 4 հարյուր դրամ։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը իր հերթին պայմանագիր է կնքել ՋԻ ԷՄ ՋԵԹ ՍԵՐՎԻՍ ընկերության հետ և ձեռք է բերել մեկ գիլիոտինային շեղբ՝ 70 հազար դրամ արժողությամբ։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X