Մայրը Վազգենի համար ծանրո՞ց էր պատրաստել․․․

Վաղը Վազգենի ծննդյան օրն է։ Կդառնար 20 տարեկան։ Սա այն դեպքն է, երբ ոչ մի զգայական արտահայտություն պետք չի, որովհետև փաստն ինքը զգայական փոթորիկ է առաջացնում։

Վազգենը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր։ Գյուղն ունի 262 բնակիչ։ Գտնվում է Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։ Հորբատեղ գյուղում հաճախակի են վայրի կենդանիների՝ գայլերի եւ արջերի հարձակումները։ Ահա այս փոքրիկ ու աղքատ գյուղի զավակ է Վազգենը։ Ապրում էր ծնողների, հորաքրոջ ու տատիկի հետ։ Նրանց ընտանիքի միակ եկամուտը ընտանիքի անդամների հաշմանդամության թոշակներն էին։ Տանը ոչ ոք չի աշխատում։

Տան սյունն էր։

․․․ Ու ահա վաղը․․․ Ծնու՞նդ, թե՞․․․ Շարունակությունը եթե կարող եք, դուք ավելացրեք։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։

Հետմահու՞․․․ Վաղը Վազգենի ծննդյան օրն է։Մայրը Վազգենի համար ծանրո՞ց էր պատրաստել․․․

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 10-ի ժամը 17:40-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X