Իրավունք

Խարդախը նոր զոհե՞ր է փնտրում

Յուրի Մարգարյանը սովորական խարդախ է, եթե հավատանք Կալինինգրադի մարզի բնակիչներին, որոնք կապվեցին «Հրապարակի» հետ եւ տեղեկություններ հայտնեցին լուսանկարում պատկերված տղամարդու մասին։ Նրանց վկայությունները բազմաթիվ են եւ հեշտ ապացուցելի, սակայն Յուրա Մարգարյանի քաջագործություններով ոչ Կալինինգրադի մարզի իրավապահները, ոչ էլ Հայաստանի ոստիկանությունը կարծես թե չեն ուզում զբաղվել։ Հիմա «քցվածներին» այլ բան չի մնում, քան նրա լուսանկարները տարածելն ու տակը գրելը՝ «Զգուշացեք, խարդախ է»։

Զոհերից մեկը՝ Հակոբ Հակոբյանը, Արարատի մարզի Դիտակ գյուղից է։ Նա Յուրի Մարգարյանի հետ ծանոթացել է Կալինինգրադում, իր համագյուղացու միջոցով։ ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլտվություն է ցանկացել ստանալ, եւ Մանուկյանը նրան խոստացել է օգնել։ «Նա ինձնից 2 հազար դոլար վերցրեց, 15 հազար ռուսականով, 20 հազարով, մինչեւ 75 հազար փող եմ տվել։ Խոստացավ երկու-երեք ամսվա մեջ փաստաթուղթը դասավորել։ Վերջում մի համար տվեց, որ գնամ պասպորտսեղան, էդ համարը ցույց տամ, ինձ իմ ժամանակավոր բնակության թույլտվությունը պեչատեին։ Մեկ էլ պասպորտսեղանի նաչալնիկի քարտուղարն ասաց՝ էդ համարի տակ ուրիշի անուն-ազգանուն է»,- պատմեց մեզ Դիտակի բնակիչը։ Ռուսաստանի օրենքներով, մինչեւ երեք ամիս կարող ես առանց փաստաթղթի ապրել։ Այս երեք ամիսների ընթացքում Հակոբյանն անընդհատ փնտրել է Յուրիկին, բայց այն բնակարանում, որտեղ հոր եւ մոր հետ վարձով էր ապրում, նա չկար։ «Զանգում ենք, ոչ հայրն է պատասխանում, ոչ էլ մայրը։ Եղբայրն ասաց՝ լավ, կաշխատենք, կտանք փողերը։ Չտվեցին։ Երեք ամիսն անցավ, ես էլ գործ չէի կարողանում ճարել ինձ, թողեցի գնացի, հետո իմացա, որ մայիսին նրան դեպորտ են արել»,- գանգատվում է Հակոբ Հակոբյանը՝ ասելով, որ թերթը միակ հույսն է մնացել։
ՌԴ քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանի համար, նրա կնոջ անունով, Մարգարյանը վարկ է «դասավորել», ստացել է փողն ու անհետացել։ Մեկ այլ խաբվածի՝ Կալինինգրադի բնակիչ, «Հայաստանի պատմության եւ մշակույթի Կալինինգրադի մարզային ընկերություն» ՀԿ ղեկավար Գեղամ Մաթեւոսյանին, որը 2012 թվականից ՌԴ քաղաքացի է, իսկ նախկինում Արարատի մարզում է բնակվել, Յուրի Մարգարյանը նույնպես խոստացել է վարկ դասավորել՝ 200 հազար դոլար, նաեւ վաճառել նրա ավտոմեքենան։ Գեղամ Մաթեւոսյանի հայրը մահացել էր, եւ նրան շտապ գումար էր պետք եղել։ «Նա իմ դժվար պահին կողքս կանգնեց, խոստացավ, որ կօգնի, ես վստահեցի նրան, հետո ասաց՝ «ատկազ» են արել, փողը չեն տվել։ Պարզվում է՝ վարկը վերցրել է իմ անունից եւ գրպանել»,- պատմում է Գեղամ Մաթեւոսյանը։ Նա եւս փնտրել է Յուրի Մարգարյանին, բայց այլեւս չի գտել։ Տեղեկանալով, որ Մարգարյանին «դեպորտ» են արել Հայաստան, նամակ է գրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ «Նա պրոֆեսիոնալ խարդախ է, նրա գործունեությունից Կալինինգրադի մարզում տասնյակ մարդիկ են տուժել»,- գրել է Գեղամ Մաթեւոսյանը ոստիկանապետին, կից ներկայացնելով Յուրի Մարգարյանի կենսագրությունից հետաքրքրաշարժ փաստեր։ Պարզվում է՝ Մարգարյանը Երեւանում բնակվել է Շիրազի 50 հասցեում, 90-ականներին արտագաղթել է Լեհաստան, իսկ 2000-ականների սկզբին արտաքսվել է այնտեղից Կալինինգրադ։ Այնտեղ երբեք ոչ մի աշխատանք չի ունեցել, այլ զբաղվել է բացառապես խարդախությամբ։ Որպես «Հայաստանի պատմության եւ մշակույթի Կալինինգրադի մարզային ընկերություն» ՀԿ նախագահ, Գեղամ Մաթեւոսյանը փորձել է իր միջոցներով «խելքի բերել» Մարգարյանին, որ նա այլեւս չխայտառակի հայերին բազմազգ Կալինինգրադում։ Նա դատարան է դիմել եւ հասել է նրան, որ Մարգարյանին եւ նրա ողջ ընտանիքին Ռուսաստանից արտաքսելու մասին որոշում ընդունվի։ Արտաքսվել է միայն Յուրիկը, մյուսները լեզու են գտել ռուս իրավապահների հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն, Յուրի Մարգարյանը Հայաստանում է, եւ չի բացառվում, որ նոր զոհեր է փնտրում։

ՀԳՈստիկանությունից Կալինինգրադի բնակիչ Մաթեւոսյանին գրավոր պատասխանել են, որ Յուրի Մարգարյանի վերաբերյալ տեղեկությունների համար նա դիմի Արմավիրի մարզի ոստիկանություն, քանի որ Մարգարյանը ծնունդով Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է։ Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը մեզ հայտնեց, որ Յուրիկ Մարգարյան անուն-ազգանունով բնակիչ համայնքը չունի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X