Իրադարձություններ «Մանչեսթեր Յունայթեդում»

Համաշխարհային ֆուտբոլում ամառային տրանսֆերները եւ, մանավանդ՝ աղմկահարույց գործարքներն ու կնքված պայմանագրերը մոտ ապագայում էլ ավելի հետաքրքրական ֆուտբոլ են կանխորոշում: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանից առաջ վերստին փոփոխությունների եւ իրադարձությունների կիզակետում է: Կարմիր սատանաների ղեկավարությանը վերջապես հաջողվել է համաձայնության գալ «Էվերթոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ՝ նա կտեղափոխվի «Յունայթեդ» եւ կփոխարինի լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Զլատանի երկրպագուները, այդուհանդերձ, հույս ունեին, որ ֆուտբոլիստը կշարունակի իր սքանչելի ելույթները՝ նոր գոլեր խփելով մանկունյանցիների կազմում, սակայն 35-ամյա Զլատանը, ստանալով խաչաձեւ կապանների վնասվածք, չի կարող ամբողջովին վերականգնվել եւ հանդես գալ

Պրեմիեր լիգայի նման գերլարված հերթական առաջնությունում:
Ինչեւէ, «Էվերթոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, կարելի է ասել, ամեն ինչ ունի, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդում» լիովին փոխարինի Իբրային: Անցած մրցաշրջանում «Էվերթոնի» կազմում Լուկակուն դարձել է 25 գոլի հեղինակ, ինչը 24-ամյա հարձակվողի համար բարձր եւ զորեղ ցուցանիշ է: 190 սմ հասակ ունեցող բելգիացի հարձակվողը վերջին շրջանում գերակումբների հետաքրքրության տեսադաշտում էր, սակայն նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլային եւ «Յունայթեդի» ղեկավարությանը կրկին հաջողվեց համատեղ աշխատել ու համաձայնության գալ՝ ինչպես Պոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի եւ Հենրիխ Մխիթարյանի դեպքում:

Այսպիսով, Ռոմելու Լուկակուն նոր մրցաշրջանում, միանշանակ, լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական եւ գլխավոր հարձակվողը, եւ, ըստ իս, բելգիացին, ամենայն հավանականությամբ, հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, քանի որ վերջին տասնամյակների եւ, առհասարակ, «Մանչեսթեր Յունայթեդի» ողջ պատմության ոչ միայն լավագույն ռմբարկուն ու գերազանց հարձակվողներից մեկը, այլեւ ակումբի իսկական սիմվոլը՝ Ուեյն Ռունին եւս հեռանում է: Նա վերադառնում է տուն՝ «Էվերթոն», որտեղից սկսել էր իր ֆանտաստիկ ֆուտբոլային կարիերան: Այս տեղափոխությունը 31-ամյա Ռունիի համար, ով ցավալիորեն սրընթաց կերպով կորցրեց իր նախկին փայլը, ինչ-որ առումով նոր մարտահրավեր է, նոր փորձություն եւ, իհարկե, շանս՝ վերագտնելու իր խաղը, որին այդչափ սպասում են նրա հազարավոր երկրպագուները: Իսկ թե ում կմնա ավագի թեւկապը, այս պահին դժվար է հստակ կանխատեսում անել, համենայնդեպս՝ ամենահավանական թեկնածուներից մեկը «Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկն է, սակայն Կարիկը հիմնական կազմում մշտապես հանդես չի գալիս, ուստի նրա թեկնածությունը եւս միանշանակ ու վերջնական չէ:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X