Իրավունք

«Սասնա ծռերի» գործով դատական նիստ․ Ֆոտոռեպորտաժ

>

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կարելի է ասել, շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստն, ի տարբերություն նախորդ նիստերի, անցավ առանց սանկցիաների եւ ընդմիջումների։ Սակայն, այնուամենայնիվ, լեզվակռիվ տեղի ունեցավ նախագահող դատավորի եւ գործով փաստաբանների միջեւ, խոսեցին նաեւ «Սասնա ծռերը», բայց բուն դատավարական ընթացքին անցում չկատարվեց։ Փաստաբանները պնդում էին, որ դատավորը պետք է ինքնաբացարկի միջնորդությունը բավարարի, քանի որ կողմնակալ դատավոր է եւ չի կարող այս գործով դատավարություն իրականացնել։ Սակայն, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը չբավարարեց միջնորդությունը։

Վերջում էլ դատավորը հետաձգեց նիստը, քանի որ գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանին տեղափոխել էին հիվանդանոց․ նա կրծքավանդակի շրջանում սուր ցավեր էր ունեցել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X