Կառավարությունը աղքատներին «խղճում է», հարուստներին՝ հող տալիս

Այսօր Կառավարության նիստում որոշում ընդունվեց պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանել 4մլն 900 հազար դրամի չափով։ Նախատեսվում է, որ միակ բնակարանի վրա արգելանք չի տարածվելու այն դեպքում, երբ բնակարանի արժեքը մոտ 5մլն դրամ է։ Դա իհարկե շատ ցածր գին է՝ նկատի ունենալով անշարժ գույքի շուկան, հատկապես՝ մայրաքաղաքում։ Նախագիծը ժամանակին ներկայացրել էր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, այսօր հաստատման էր ներկայացրել արդարադատության ներկա նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա ասաց, որ որոշումը չի տարածվելու այն դեպքերի համար, երբ գույքը գրավադրված է։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը առաջարկեց «Սեւանի իշխան» եւ «Սեւան ակվա» ընկերություններին առանց մրցույթի հողամասեր հատկացնել Կարճաղբյուր եւ Լճակ համայնքներում՝ համապատասխանաբար 21 եւ 2 հա տարածքներով։ Նախարարը նշեց, որ որոշման նպատակը Սեւանա լճի իշխանի պաշարները վերականգնելն է եւ ձկնաբուծության զարգացումը։ Գումարները գանձվելու են Սեւան ազգային պարկի կողմից եւ հանձնվելու են համայնքներին։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ համերգների տոմսերի էլեկտրոնային վաճառքի համակարգ ստեղծելու մասին որոշում էր բերել Կառավարության նիստի հաստատմանը։ Ըստ այդ որոշման՝ մինչ 2018թ առաջին կիսամյակի ավարտը Հայաստանի ամբողջ տարածքում գործելու է համերգների եւ մշակութային այլ միջոցառումների տոմսերի գնման միասնական ավտոմատ համակարգ։ Այն վերահսկելի է դարձնելու այդ գործընթացը․ «Տեսանելի է լինելու, թե արդյոք հանդիսատեսը մտավ դահլիճ ու նստեց իր տեղը»,-ասաց նախարարը։ Համակարգի ներդրման համար այս փուլում 300-500մլն դրամ է պահանջվում։ Որոշման հաստատումից անմիջապես հետո հայտարարվելու է մրցույթ, որով կընտրվի համակարգը սպասարկող օպերատորը։ Նախարարն ասաց․ «Ակնկալում ենք փորձ ունեցող կազմակերպությունների ներգրավվում»։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X