Քանդում են Սպիտակի վերելակների գործարանի շենքը

Սպիտակի վերելակների գործարանի շենքը քանդում են։ Այս մասին երեկ մեզ տեղեկացրին Սպիտակ քաղաքի բնակիչները, որոնց սիրտը ցավում է այս առիթով։ Նրանք վստահեցնում էին, որ շենքն ամուր է։ «Անհասկանալի տրամաբանությամբ, քաղաքապետարանը թույլ է տվել այս ամուր շենքը քանդել։ Մինչդեռ այն 90-ականներին կառուցվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկով եւ հիմա էլ կարող էր օգտագործվել»,- ասաց մեզ սպիտակցիներից մեկը, ով երկար տարիներ աշխատել է այս գործարանում։ «1996 թվին, երբ Սպիտակի քաղաքապետը Սուրեն Ավետիսյանը դարձավ, ես մտա լիֆտերի գործարան՝ ինվենտարիզացիայի։ Այնքան սարքավորումներ կային, որ կողքի էինք անցնում, լիքը ճխտած էր։ 2010 թվին շենքն արդեն դատարկ էր, մնացել էին միայն պատերը՝ այնպես էին թալանել։ Անգամ սյուները, որոնք հիմնական ծանրությունն են պահում, ապամոնտաժել էին»,- ասաց նա։ Վերելակների գործարանը տարբեր տերեր է փոխել։ 2010 թվականին շենքը գնել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը։ Ում է վաճառվել այն հետո, եւ ով է քանդում շենքը, բնակիչները չգիտեն։ Ասում են, որ քաղաքապետ Գագիկ Սահակյանը բնակիչներին իր ծրագրերի մասին տեղյակ չի պահում։ «Տեղ-տեղ երեւացող քաղաքապետ է, ՀՀԿ դրածո»,- ասում են նրա մասին։ Գործարանը հիմնվել է 90-ականներին։ Մոսկվայից թանկարժեք դազգահներ են ուղարկել, յուրաքանչյուրի գինն այն ժամանակների համար ահռելի թիվ է կազմել՝ 2 մլն․ դոլար։

Սակայն Սպիտակում նման արտադրություն հիմնելն արդարացված չէր։ Այն չաշխատեց։ Միայն հարկերի գծով պարտք էր կուտակում։ Ի վերջո, պետությունը փայատերերից վերցրեց գործարանը պարտքերի դիմաց։ Սակայն գործարանի շենքն ամուր կառույց է, բարձր սեյսմակայունության աստիճան ունի։ Վերջերս այս շենքի վերաբերյալ բիզնես-ծրագիր էր փորձել ներկայացնել գիտնական Վահան Համազասպյանը։ «Ես ուզում էի այդտեղ արեւային կայանների արտադրություն հիմնել, որը մոտ 5 հազար աշխատատեղ կապահովեր, բայց ինձ մերժեցին»,- ասում է նա։ Փաստորեն, քաղաքապետարանը որոշել է, որ ավելի լավ կլինի ուղղակի քանդել կառույցը։

Մենք փորձեցինք կապվել Գագիկ Սահակյանի հետ, բայց քաղաքապետարանի հեռախոսաները չէին պատասխանում։ Նրա պարզաբանմանն սպասում ենք, քանի որ առանց նրա թույլտվության շենքը քանդել հնարավոր չէ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X