Նալբանդյանների գործը Ճամբարակի դատավորի կոկորդին է մնացել

2004-ին սպանված 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի գործով դատավճիռը բեկանելուց հետո վերսկսված դատավարությունը ոչ մի կերպ հունի մեջ չի մտնում։ Բեկանման հիմքը 2015թ․ Եվրադատարանի որոշումն էր, որով համարեցին, որ խախտվել է սպանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Նալբանդյանի, նրա ամուսնու եւ դստեր արդար դատաքննության իրավունքը։ Նրանց բոլորին խոշտանգել էին Վարդենիսի ոստիկանները, ստիպել ինքնախոստովանական ցուցմունքներ տալ, որոնց տակ, սակայն, համոզիչ ապացույցներ չէին կարողացել դնել։ Խոշտանգումների մասին Նալբանդյանները հայտնեցին դատարաններում, բայց նրանց լսող չեղավ՝ ամուսինները դատապարտվեցին։

ԵԴ որոշումն ստիպեց ոչ միայն փոխհատուցում վճարել ամբաստանվածներին, այլեւ վերսկսել գործի դատաքննությունը։ Այն ահռելի ընդմիջումներով ընթանում է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում։

ՄԻԵԴ որոշումից հետո հույս կար, որ Նարինեի խափանման միջոցը կփոխեն, եւ նոր դատաքննությանը նա կմասնակցի ազատության մեջ, բայց վճռաբեկ դատարանը մերժեց Նալբանդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի պահանջը։ Սպանված աղջկա հարազատները հրաժարվում են դատարան գնալ՝ պատճառաբանելով․ «Մեզ պետք չէ»։

Փաստորեն, ոչ տուժող է գալիս դատարան, ոչ վկա։ Նախաքննության որոշ նյութեր, քննիչների որոշումներ գրված են ձեռքով եւ ընթեռնելի չեն։ Դատավորը դրանք չի կարողանում կարդալ։ «Բա ո՞նց են դրանց հիման վրա մարդ դատապարտել, եթե անգամ կարդալ չեն կարողանում այդ թղթերը»,- ասում է դուստրը՝ Արեւիկ Նալբանդյանը։ Նա իր եղբոր՝ Կարոյի, եւ հոր՝ Վարդենիսի դարբին Բագրատ Նալբանդյանի հետ պարտաճանաչ ներկայանում է նիստերին։ Ամուսինն իբր օգնել է կնոջը՝ երեխայի մարմինը մոտակա մազութի հորը նետել։ Բագրատը, որպես հանցակից, 9 տարի անցկացրել է Կոշի բերդում։

Երբ ՄԻԵԴ որոշումը եղավ, նա արդեն երկու տարի ազատության մեջ էր։ Ամեն անգամ նա իր ընտանիքին հավաքած, Վարդենիսից մեքենայով հասնում է Ճամբարակ ու իմանում, որ նիստը կրկին հետաձգվել է։ «Ոնց որ մեզ ձեռ առնեն»,- ասում է Արեւիկ Նալբանդյանը։

Դատարանը դատաբժշկական փորձաքննություններ է նշանակել եւ ընտանիքի անդամներին ուղարկում է բժշկի՝ բացահայտելու 14 տարի առաջ կատարված խոշտանգումների հետքերը։ Նախորդ անգամ՝ հունիսի 29-ին, դատախազը չէր եկել, հուլիսի 11-ին էլ Նալբանդյաններին առավոտյան են միայն տեղյակ պահել, որ 15։30-ին իրենց գործով նիստ է նշանակված։ «Արագ հավաքվեցինք, գնացինք-հասանք Սեւան, մեկ էլ զանգում են՝ բա գիտե՞ք, նիստը հետաձգվել է»,- ասում է Նարինեի դուստրը։

Դատարանում «տնական» վիճակ է, ոչ ոք ոչնչից տեղյակ չէ։ Նախ, ինչ-որ քարտուղարուհի պատասխանեց, որ Նալբանդյանների գործով նախագահող դատավոր Մնացական Հարությունյանը Սեւանի դատարանում նիստի է։ «Վաղը զանգահարեք»,- ասացին։ «Իսկ նրա քարտուղարն ո՞ւր է։ Նա չի՞ կարող պատասխանել, թե ինչ պատճառով է նիստը հետաձգվել»։ «Ոչ, նա նույնպես Սեւանում է, քարտուղարություն է անում նիստի ժամանակ»։ Փաստաբան Սեդա Սաֆարյանից տեղեկացանք, որ կալանավոր Նարինե Նալբանդյանի ներկայությունը չեն ապահովել, եւ այդ պատճառով նիստը հետաձգվել է։

Նարինեի միակ զբաղմունքը կանանց գաղութում իր գործով վերաբացված քննությանը հետեւելն է, բայց «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարությունն իրեն նեղություն չի տալիս կնոջը դատի օրերին հասցնել Ճամբարակ։ Փաստաբան Սաֆարյանը դիտավորություն է տեսնում նման վարքում եւ պատրաստվում է բողոք ներկայացնել դատավոր Մնացական Հարությունյանի դեմ։ «Այդ գործով հատուկ տրամադրվածություն կա, որ դատապարտյալը մինչեւ վերջ նստի։ 15-20 անգամ նիստ է եղել, եւ ընդամենը 3-4 անգամ է կայացել»,- ասում է նա։

Հաջորդ դատական նիստը նշանակել են 20 օրից՝ հուլիսի 31-ին։ Նարինե Նալբանդյանի ազատազրկման ժամկետը կավարտվի 6 ամսից։ Եթե Ճամբարակի դատարանն այս գործով արդարացման դատավճիռ կայացնի, ապա պետությունն ստիպված է լինելու փոխհատուցման կարգով ահռելի գումար վճարել Նալբանդյաններին, որի չափը տարբեր չափանիշների հիման վրա որոշելու է դատարանը: Իրավունքի մասնագետները դժվարանում են փոխհատուցման գոնե մոտավոր չափ նշել, քանի որ մեզանում նման գործեր գրեթե չեն եղել։ Բայց նշում են, որ փոխհատուցման չափը 14 եւ 9 տարի հանիրավի դատապարտվելու համար, ամեն դեպքում, պատկառելի է լինելու։ Չի բացառվում, որ հենց սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունն արգելակում է ՄԻԵԴ-ի որոշման կատարումը, եւ դատն էլ առաջ չի գնում, քանի որ չգիտեն ինչ անել այս խայտառակ գործի հետ։ Հիշեցնենք, որ Նարինե Նալբանդյանին դատապարտեցին իր աղջա դասընկերուհուն ջերմուկի շշով սպանելու համար, որում նախաքննությունն իրատեսական դրդապատճառ այդպես էլ չգտավ։ Միակ մոտիվը կնոջ վեճն էր դեռահաս աղջկա հետ, որը, ըստ գործի նյութերի, ասել էր, որ ինքը ծխում է ու «սիրածներ է պահում»։ Սա ծիծաղելի մոտիվ է անգամ Վարդենիսի համար։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X