Ամուսնության առաջարկին չի պատասխանել․ Բժշկականի «հերոսը» մանրամասներ է պատմում․ ֆոտո

>

Կարծիքը, թե բժիշկները սառնասիրտ են ու զուրկ ռոմանտիզմից, իրականությանն այդքան էլ չի համապատասխանում։ Ապացույցը երեկ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողներից մեկի քայլն էր, որը դիպլոմների հանձնման արարողության ժամանակ սիրելիին ամուսնության առաջարկ արեց, ինչը հանրության շրջանում լայն արձագանք ստացավ։ Տիգրան Գրիգորյանը ամուսնության առաջարկն արեց նախագահի և միջոցառմանը ներկա բարձրաստիճան այլ անձանց աչքի առաջ։

Մենք կապ հաստատեցինք Տիգրան Գրիգորյանի հետ, ով էլ իրագործել էր այդ գաղափարը։ Տիգրանը թեև սիրած աղջկանից որևէ պատասխան դեռ չի ստացել, բայց վստահ է, որ անհանգստանալու կարիք չկա։

-Տիգրան, երեկվա քայլդ մեծ արձագանք ստացավ մամուլում, համալսարանի ղեկավարության հետ նախապես համաձայնեցրե՞լ էինք։

-Նախապես համաձայնեցված էր պարոն Մուրադյանի հետ միջոցառումը սկսելուց 15-20 րոպե առաջ։ Ուղղակի խնդրել ենք, ինքն էլ, ինչպես սպասում էինք, չմերժեց։ Իսկ Սերժ Սարգսյանի ներկայությունը չպետք ա էլ խոչընդոտ հանդիսանար։

-Իսկ բարձրաստիճան հյուրերն ինչպե՞ս արձագանքեցին։

-Ճիշտն ասած, չեմ էլ զգացել, չեմ լսել, էդ պահին ոնց որ ամբողջ աշխարհը կանգ էր առել, տենց ոչ մի բանի մասին չէի մտածում։

-Տիգրան, ներկաներից նշում են, որ սիրելիդ երեկ այդպես էլ չպատասխանեց առաջարկիդ։

-Ինքը նախապես պատասխանել էր։ Բայց ամուսնության առաջարկին դեռ չի պատասխանել։ Սպասում եմ (ծիծաղում է)։

-Միասին նույն կուրսո՞ւմ եք սովորել։

-Ընդհանուր բժշկության ֆակուլտետում ենք սովորել միասին, նույն խմբում։ Միշտ պայքարել ենք բարձր գնահատականների համար, բայց ես միշտ առաջ եմ անցել (ծիծաղում է):

-Ասում են՝ բժիշկները սառնասիրտ մարդիկ են, ռեալիստներ։ Քո արած քայլը հակասում է այս տեսակետին))):

-Ռոմանտիկ բժիշկներ էլ կան։ Ամեն տեսակից էլ յուրաքանչյուր բնագավառում էլ կա։ Այլ բան է, որ աշխատանքի ընթացքում էմոցիաները չխանգարեն։ Դրանից դուրս քո անձնական կյանքում կարելի է։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X