Կինոն դադարել է լինել պրոպագանդայի զենք

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում նախօրեին վարպետության դաս անցկացրեց ռուս նշանավոր ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ում վերջին՝ «Առիթմիա» ֆիլմը ցուցադրվեց փառատոնի արտամրցութային ծրագրում։ Ֆիլմի հերոսները բժիշկ ամուսիններ են, ովքեր օրուգիշեր հերթապահում են հիվանդանոցում, արձագանքում շտապ օգնության կանչերին, մարդկանց կյանքեր փրկում, միաժամանակ չկարողանալով փրկել սեփական ընտանեկան կյանքը։ Ռուսական իրականությունը՝ իր տրագիկոմիկ բոլոր իրավիճակներով, արտացոլված է Խլեբնիկովի ֆիլմում։ Ռեժիսորն ասում է, որ ի սկզբանե որոշել էր մաքուր կոմեդիա նկարել, բայց ընթացքում հասկացավ, որ այն ավելի շատ մոտենում է դրամայի։ Ֆիլմն արդեն հասցրել է Գլխավոր մրցանակ ստանալ «Կինոտավր» կինոփառատոնում։

Ինչ վերաբերում է ռեժիսորի անցած ուղուն, ապա նախքան Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК) սովորելը Խլեբնիկովը երկու տարի կենսաբանություն է ուսանել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը: Հետագայում ինքնուրույն նկարահանել է «Խորամանկ գորտը» կարճամետրաժը: Խլեբնիկովի առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Կոկտեբել» ֆիլմն էր, որն ստեղծվել է դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու համագործակցությամբ:

Ռեժիսորը հիշում է՝ կենսաբանություն սովորելու տարիներին էլ հասկացավ, որ աննկատ ձեւով դարձել է կինոման, այդ ժամանակ էլ հենց կիսատ թողեց ուսումն ու գնաց կինոֆակուլտետում սովորելու։ Իսկ իր ամենաառաջին եւ թերեւս ամենակարեւոր որոշումն էլ 2-րդ դասարանում է կայացրել. «Մի օր հասկացա, որ բանաստեղծություններ չեմ կարողանում անգիր անել, որոշեցի այլեւս անգիր չանել: Այդ օրվանից երբեք չեմ արել այն, ինչ չեմ սիրում կամ չեմ ուզում»։

Նա նկատում է, որ Մոսկվայում նույնիսկ մեծ բլոկբաստերներն այսօր լսարան չեն հավաքում, հիմա հանդիսատեսի մեծ մասը գնացել է հեռուստատեսություն։ Ժամանակակից ֆիլմերը դադարել են ինչ-որ բան ուղիղ ձեւով քարոզել, ինչի համար էլ հիմա գրաքննություն չկա: Իսկ հեռուստատեսությունն այլ բան է՝ ամեն ինչ կանխավ որոշված է՝ որ հաղորդումն ինչ է քարոզում, եւ ինչ չի կարելի անել: Խլեբնիկովը նկատում է՝ կինոն դադարել է լինել պրոպագանդայի զենք, որովհետեւ այն այլեւս շատ քիչ մարդ է դիտում։ Գուցե դա մի կողմից լավ է, իր խոսքում նշում է Խլեբնիկովը, որովհետեւ դառնում ես ավելի ազատ եւ, որ ամենակարեւորն է՝ պետությունից արդեն կախվածություն չես ունենում։ Նա հիշում է, երբ իր առաջին վավերագրական ֆիլմն էր նկարում, 20 հազար դոլար ծախսեց, որը կուտակել էր 2 տարում, մինչդեռ այսօրվա տեխնիկայի պայմաններում կարելի է ֆիլմ նկարել գրոշներով։

«Մարդուն չի կարելի նկարագրել, երբ նրան ատում ես կամ սիրում, երկու դեպքում էլ այդ զգացմունքները խանգարում են։ Պետք է ճանաչես մարդուն, որովհետեւ նրա մեջ կա եւ բարին, եւ չարը»,- ասում է Խլեբնիկովն ու խորհուրդ տալիս գնալ այնտեղ, որտեղ լինելուց վախենում ես. «Դա շատ կարեւոր է ռեժիսորի համար, որովհետեւ երբ հետո գնում-տեսնում ես, հասկանում ես, որ այդքան էլ դժվար ու վախենալու չէր։ Պետք է գնալ ու հետազոտել մարդկանց»։ Խլեբնիկովն ընդգծում է՝ իր ուսանողների առաջ մի շարք արգելքներ է դրել՝ չնկարել բոմժերի, հաշմանդամների, ընտանիքի անդամների, մտերիմ բարեկամների, ուղիղ հարցազրույց չանել հերոսի հետ, եւ այդպես բազմաթիվ սահմանափակումներ, որոնք նպատակ ունեն հետազոտելու եւ բացահայտելու մարդուն. «Դժվար է նկարել գործարանում աշխատող բանվորին, վախենալու է շտապ օգնության բժիշկների հետ վազել կանչի, որովհետեւ ֆիլմդ կարող է ուղղակի չստացվել, բայց մյուս կողմից էլ երբեք չես կարող իմանալ, թե այդ հանդիպումներից եւ այդ մարդկանց հետ շփումներից ինչ պատմություններ կարող են ստացվել»։

Դերասանի ընտրությունը տարբեր է ամեն ռեժիսորի համար։ Խլեբնիկովը կիսվում է անձնական փորձով. «Եկավ մի պահ, ու ես հասկացա, որ ինձ հետաքրքիր չէ դերասանի փոխակերպումը։ Դերասանի հետ իմ աշխատանքը 90 տոկոսով ավարտվում է քաստինգում։ Ես հասկացա, որ դերասանն իր տեսակով ուղղակի պետք է նման լինի իմ հերոսին, եւ ոչ մի ուրիշ կերպարանափոխման կարիք չկա։ Երբ մարդը խաղում է իրեն մոտ կերպար, երբեմն իրենից այնքան հարուստ ժեստեր, պատմություններ, դետալներ է դնում դերի մեջ, որ դու չէիր էլ կարող պատկերացնել։ Այս առումով այն դառնում է ինչ-որ չափով նաեւ դոկումենտալ կինո»։

Խլեբնիկովից խորհուրդ են հարցնում՝ որտե՞ղ սովորել կինո նկարել, ռեժիսորի պատասխանը կարճ է․ «Տրամաբանական է, որ մարդը սովորի իր երկրում, որովհետեւ հետո պետք է պատմի իր երկրի մասին։ Իսկ ռեժիսորն այն մարդն է, որ պատմում է նրա մասին, ինչը որ լավ գիտի»։ Նա սկսնակներին խորհուրդ է տալիս թեկուզ գաղափարն առանց զարգացնելու դուրս գալ եւ նկարել. «Պետք չէ շատ մտածել, դա խանգարում է, պետք է գործել»։

Մեկնաբանություն
X