Ծնվել եմ Հայաստանի մարզ Արցախում․ «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց, որ փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառում, քանի որ վերջինս առանց դատարանի թուլտվության լքել էր դատական նիստերի դահլիճը․ դատարանը կդիմի ՓՊ՝ Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելուց հետո նախագահող դատավորը անցավ դատավարությանը։ Արտուշ Գաբրիելյանը անցավ ամբաստանյալ Արամ Մանուկյանի ինքնությունը ճշտելուն։ Հարցրեց՝ երբ, որտեղ է ծնվել։ Արամը պատասխանեց, որ Ստեփանակերտ քաղաքում, դատավորն էլ՝ ճշտեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Արամն էլ առարկեց՝ Հայաստանի մարզ Արցախում։

Արամի փաստաբան Հրանտ Գեւորգյանը պարզաբանեց, որ Արամը նկատի ունի, որ Արցախն ու Հայաստանը մեկ հանրապետություն են։

Դատավորը նկատեց, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Գրիշա Բալասանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանը դատական նիստերի դահլիճում չեն, սակայն գրություն էի թողել, որտեղ նշել էին, որ իրենց պաշտպանյալները, քանի որ դատական նիստերի դահլիճում չեն, իրենք եւս լքում են նիստերի դահլիճը։

Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ նրանց նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար։ Ի դեպ, փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ դատարանն այսօր արդեն 2 անգամ սանկցիա է կիրառել՝ դիմել Փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարելու պահանջով։

Նշենք նաեւ, որ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը հայտնեց, որ լքում է դատական նիստերի դահլիճը, քանի որ ընկերները ներկա չեն։ Դատավորը նրան թույլ չտվեց հեռանալ, սակայն Թամրազյանը լքեց նիստերի դահլիճը։ Ինչի պատճառով նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց՝ հեռացնելով նիստերի դահլիճից 6 ժամով։

Այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X