Վերելակների գործարանը թալանեցին, հիմա էլ քանդում են

Սպիտակի բնակիչներն անհանգստացած են։ Արդեն մի քանի օր է, ինչ քանդում են վերելակների գործարանի շենքը, որը պինդ, սեյսմակայուն կառույց է։ Նրանք վստահ են, որ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն է տվել քանդման թույլտվությունը։ Հուլիսի 13-ին անդրադարձել էինք սպիտակցիների բողոքներին, սակայն մեզ չէր հաջողվել քաղաքապետից պարզաբանումներ ստանալ։

«Հրապարակի» հոդվածից հետո քաղաքապետը դիմել է ոստիկանություն

Սպիտակի քաղաքապետը երեկ առավոտյան զանգահարեց մեզ եւ հայտնեց, որ վերելակների գործարանի շենքի տանիքն իրոք քանդում են, սակայն ինքը տեղյակ չէ, թե ովքեր են քանդողները։ «Քաղաքապետարանը չի տվել թույլտվություն։ Ձեզ ահազանգողները թյուրիմացության մեջ են։ Ես հիմա դիմել եմ ոստիկանություն՝ պարզելու համար, թե ով է քանդում։ 2008 թվականին Սպիտակի ավագանին ուղերձով դիմել էր սեփականատիրոջը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, հայտնելով, որ նպատակահարմար չենք գտնում շենքի քանդումը։ Ես ինքս եմ ասել, որ ունենք ահռելի արտադրական մակերեսներ, որոնք կարելի է օգտագործել, մյուս կողմից՝ ես դեմ եմ, որ այս կառույցը չաշխատի, կանգնի ու փչանա»,- ասաց Գագիկ Սահակյանը՝ արձագանքելով մեր երեկվա հրապարակմանը։ Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքապետարանի գրությունն ստացվել է օրվա վերջում, սակայն արդյունքների մասին դեռ չեն կարող հայտնել։ «Գրությունն ստուգման փուլում է»,- պատասխանեց ոստիկանապետի մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը։

Ի՞նչ գործ ուներ Քաջարանի կոմբինատը Սպիտակում

2008 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գնեց Սպիտակի վերելակների գործարանը։ Սպիտակի քաղաքապետը վստահեցնում է, որ այս ընթացքում կոմբինատը հարկային պարտավորությունները կատարում էր, սակայն շենքը չէր օգտագործվում։ 2008 թվականին կոմբինատի ղեկավարությունը քաղաքապետին հայտնել է, որ պատրաստվում է ապամոնտաժել շենքը։ «Ես բանավոր ասել եմ՝ ոչ, եւ մենք ունենք ավագանու համապատասխան որոշումը, որով արգելում ենք շենքը քանդել»,- ասաց Գագիկ Սահակյանը։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչ ծրագիր ունի այս կառույցի վերաբերյալ, ասաց, որ չի կարող ծրագիր ունենալ, վերելակների գործարանը կոմբինատի մասնավոր սեփականությունն է, բայց ինքն առաջարկ ունի․ «Ես դիմել եմ Վահան Համազասպյանին, որն արեւային կայաններով է զբաղվում, որպես գիտնականի, որ նա միջնորդություն ներկայացներ՝ այդ տարածքում արեւային կայանների արտադրություն հիմնելու։ Ես էլի շատ բաներ ունեմ առաջարկելու, որ այստեղ արտադրական զոնա կառուցեն, բոլորին եմ առաջարկում՝ եկեք, այստեղ բիզնես ներդնենք»։ Վահան Համազասպյանը վստահեցնում է, որ իր ծրագիրն իրատեսական է։ «Արեւային կայանների արտադրություն հիմնելով՝ կարող էինք հազարավոր աշխատատեղեր բացել, ով է քանդում այդ հզոր շինությունները եւ ինչու՝ ես չգիտեմ»,- ասաց նա։

Հետո էլ ասում են՝ առաջին կառավարիչներն են քանդել

Սպիտակի վերելակների գործարանի կառուցումն սկսվել է 1994 թվականին՝ եւս 7 արտադրական հզորությունների հետ, որոնք, 1997-ից սկսած, ավերվեցին ու թալանվեցին։ Մենք կապվեցինք Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, ով նախաձեռնել էր այս գործարանի շինարարությունը։ «Համաշխարհային բանկի տված 28 մլն․ դոլարով, որքան հիշում եմ, 8 գործարանային հզորություններ կառուցվեցին։ Վարկի մի մասն էլ, եթե չեմ սխալվում՝ կեսը, օգտագործեցինք Գյումրիում, Սպիտակում եւ Վանաձորում բնակարանաշինության համար։ Այդ վարկով կառուցվել են Գյումրիի անալիտիկ սարքերի գործարանը, «Ստրոմմաշինա» սարքաշինական, էլեկտրատեխնիկական գործարանները Գյումրիում, մասամբ՝ գուլպա-նասկեղենի արտադրությունը, Սպիտակում՝ վերելակների գործարանն ու տրիկոտաժի ֆաբրիկան, Վանաձորում՝ ճշգրիտ հաստոցաշինության գործարանն ու Դիլիջանի «Իմպուլսը»։ Բոլորը կառուցվեցին զրոյից։ Այսօր նման շինարարություն իրականացնելու համար կպահանջվեր 500 մլն․ դոլար»,- ասաց Հրանտ Բագրատյանը։ Ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ պատերազմի մասնակից կողմերից մեկը ՀԲ-ից վարկ էր ստանում։ Ադրբեջանն ու մահմեդական երկրներն այս առիթով դժգոհություն էին հայտնել Համաշխարհային բանկին։ ՀԲ ղեկավարներն այն ժամանակ դժգոհներին պատասխանել էին, որ վարկը տրամադրել են, որովհետեւ Հայաստանը լավագույն ռեֆորմներն է իրագործում Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում։ Հետագայում՝ 97-98 թվականներին, վերելակների գործարանը թալանվեց, սարքավորումները, պղինձն ու գունավոր մետաղները վաճառվեցին, իսկ 2008-ին Զանգեզուրի կոմբինատը չնչին գներով գնեց այս գործարանը։ Այժմ որոշել է քանդել նաեւ շենքը, որը կանգուն ու ամուր շինություն է։

ՀԳ․ Հայաստանի խոշորագույն գործարանը՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինը, մամուլի հետ ուղիղ ու օպերատիվ չի շփվում։ Համացանցում նշված կայքէջը գոյություն չունի, հեռախոսահամարները չեն պատասխանում։ Մենք մի «աշխատող» էլեկտրոնային հասցե գտանք եւ գրավոր հարցում ուղարկեցինք։ Պատասխանն ստանալուն պես կհրապարակենք։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X