Լուսավորչի փոխարեն` Վազգեն Ա

Հայկական թղթադրամների վրա ում պատկերը պետք է լինի՝ մամուլում եւ սոցցանցերում քննարկման թեմա է: Որոշումն արդեն ընդունված է, երեւի ոչինչ չի փոխվի, բայց հետաքրքիր է ընտրության սկզբունքը: Ինչո՞ւ պիտի հայկական դրամի վրա պատկերվի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը, ռուս ծովանկարիչ Այվազովսկին, ինչո՞ւ է Չարենցը փոխարինվում Պարույր Սեւակով: Բայց ամենազարմանալին Գրիգոր Լուսավորչի պարագան է: Մյուսներն իրական մարդիկ են, նրանց պատկերները՝ հայտնի: Իսկ Լուսավորիչն առասպելական անձնավորություն է: Եթե իրականության մեջ այդ անունով մարդ ապրել եւ գործել է, ապա նա ազգությամբ հայ չի եղել, այլ՝ պարթեւ, ում պատկերն ստեղծելու համար հարկ կլինի մրցույթ հայտարարել, ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը մի քանի տարբերակներից կընտրի մեկը, եւ վեճերն անպակաս կլինեն: Մեկին դուր կգա, տասին՝ ոչ:

Կենտրոնական բանկի խորհրդի հաղորդագրությունից հասկացվում է, որ այդ առաջարկությունը եկել է Հայ առաքելական եկեղեցուց: Բայց ինչո՞ւ է եկեղեցին հատկապես Լուսավորչին ընտրել: Ավելի տրամաբանական կլիներ, եթե առաջարկեին Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսին՝ իրական մարդու, ով շուրջ քառասուն տարի Հայ առաքելական եկեղեցու հովվապետն էր, վայելում էր ժողովրդի մեծագույն հարգանքը: Նրա հայրապետական օրհնությամբ է ընդունվել Հայաստանի անկախության Հռչակագիրը: Մեծ է Վազգեն վեհափառի ավանդը նաեւ Արցախի հարցում: Ի վերջո, նա առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչման: Իսկ ընդհանրապես գուցե արժե՞ քննարկել տարբերակ, երբ հայկական թղթադրամների վրա պատկերված կլինեն Հայաստանի բոլոր ազգային հերոսները: Այդ կոչմանն արժանացել է Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած 19 հայորդի: Եվ երեւի տեխնիկապես դժվար չի լինի բոլոր թղթադրամների վրա՝ ըստ կոչման շնորհման հերթականության, զետեղել 19 լուսանկարային պատկեր: Դա ճիշտ եւ արդարացի, վեճերն ու տարակարծությունները բացառող որոշում կլիներ...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X