Մակրոնի պերճանքն ու Թրամփի թշվառությունը

Երեկ Ֆրանսիայում գունեղ ներկայացում էր, զինվորական շքերթ, որով նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Բաստիլն ամրոց է Փարիզում, որը մտահղացվել եւ կառուցվել է 14-րդ դարում՝ քաղաքի պաշտպանության համար, հետագայում հռչակվել է պետական բանտ: Բաստիլի աստեղային ժամը վրա է հասել 1789-ի Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, երբ հեղափոխականները գրոհել են այն: Գրավումից հետո պարզվել է, որ Բաստիլում ավելի շատ պահապաններ, քան բանտարկյալներ կան, բայց դրանից գրավման սիմվոլիզմը եւ ոգեղեն լիցքը չեն նսեմացել:

Հետագա երկու տարիներին հենց Բաստիլի գրոհի օրն են ֆրանսիացիները հավաքվել՝ նշելու ազգային միասնությունը, եւ դա վերածվել է ավանդույթի: 1880-ին Ֆրանսիայի խորհրդարանը Բաստիլի գրոհի օրը հաստատել է իբրեւ Ֆրանսիայի ազգային օր, որը նշվում է Փարիզում կայացող զինվորական շքերթով:

Այս տարվա ռազմական շքերթը Բաստիլի գրավման առթիվ նաեւ մեկ այլ պատմական տարեթվի եւ իրադարձության էր շաղկապվում: Հարյուր տարի առաջ՝ 1917-ին, Բաստիլի գրավման օրն է մեկնարկել ԱՄՆ-ի ռազմական ներգրավումն Առաջին աշխարհամարտին, եւ ամերիկացի զինվորները Փարիզից մեկնել են ռազմաճակատներ: Այդ կապակցությամբ այս տարվա շքերթում Champs-Élysées-ով հանդիսավորությամբ անցնելու էր նաեւ ամերիկյան զորագունդ, եւ, առիթն օգտագործելով, Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել էր ԱՄՆ իշխանություններին՝ ներկա գտնվելու շքերթին: ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյա կարող էր մեկնել Փարիզ, բայց Թրամփը որոշում է, որ՝ ոչ, անձամբ կմեկնի:

Մակրոնը զուր չէ, որ փիլիսոփայության ֆակուլտետ է ավարտել եւ լատիներենի ուսուցչուհու հետ է ամուսնացած։ Նա մի այնպիսի ռեժիսուրա, էֆեկտ ու շուք է կարողանում հաղորդել իր քայլերին, որ դիտողին տպավորում է մեկընդմիշտ: Ո՞վ երբեւէ կմոռանա, թե նա ինչպես երկրորդ փուլի իր հաղթանակից հետո գնաց Լուվրի հրապարակում հավաքված համակիրներին ողջունելու: Երեւի աշխարհի բոլոր հեռուստակայանները միացած էին Մակրոնի հաղթական ելույթը հեռարձակելու, մինչդեռ… Մինչդեռ երեւի 3-5 րոպե տեսախցիկնեը ցուցադրեցին Փարիզի պատմական շինություններով կենտրոնը, մութ երկինքը, վառվող լույսերը, բարձր հնչող Եվրամիության հիմնը եւ այդ բնանկարում միայնակ ու վստահ դեպի Լուվրի հրապարակ քայլող Էմանուել Մակրոնին: Այդ տեսարանը մի այնպիսի մանիֆեստացիա էր պատմական ժառանգություն կրելու, Ֆրանսիայի դերը վերահաստատելու, համաեվրոպական առաքելություն ստանձնելու, այս երկրագնդի վրա լսելի ձայն լինելու, որ երբ Մակրոնը հասավ բեմին, կարող էր այլեւս չխոսել: Ամեն ինչ ասված էր: Թեեւ, իհարկե, ելույթ ունեցավ, եւ ելույթն էլ շատ հաջող էր։

Այժմ, նորից հավատարիմ մնալով պատմություն եւ առաքելություն պրոյեկտելու իր այդ ոճին, Մակրոնը Դոնալդ Թրամփին դիմավորեց ոչ թե Ելիսեյան պալատում, այլ հյուրանոցում, որ ռազմական անցյալ, պատմություն ունի եւ ներկայում էլ զինվորականների միությունների հետ կապեր, ինչն ինքնաբերաբար պատմական էքսկուրսի առիթ էր: Այնուհետ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները եւ առաջին տիկինները ճաշելու էին Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում՝ լռելյայն Թրամփին ցույց տալով, որ Փարիզը Փարիզ է (որքան էլ Թրամփին թվա, թե «Փարիզն այլեւս Փարիզ չէ»), եւ այն շատ ավելին է, քան Թրամփն ընդունակ է ընկալել: Եվ, վերջապես, առանց մի բարդույթի, օգտվելով Թրամփի զավակների տարեկիցը լինելու հանգամանքից, Մակրոնը Թրամփին ակնհայտորեն բարեկամության ձեռք մեկնեց, ինչը Եվրոպայում անպատկերացնելի ցածր վարկանիշ ունեցող Թրամփի համար փրկօղակ է:

Այլ հարց, որ դրանից Թրամփի խնդիրները տանը չեն նվազում: Իր ավագ որդու՝ Դան Թրամփի անցյալ տարվա հուլիսին թվագրվող էլեկտրոնային գրագրությունից բարձրացած աղմուկն արդեն ոչ միայն Թրամփի պաշտոնանկության, այլեւ որդու եւ մանավանդ փեսայի՝ Ջարեդ Քուշների ազատազրկման սպառնալիքներ է ուրվագծում:

Երեկ երեկոյան իրադրությունն ավելի բարդացավ, քանի որ հայտնի էր դարձել, որ Թրամփի որդուն ՌԴ իշխանությունների կողմից Հիլարի Քլինթոնի վնասող տեղեկատվության փոխանցման ոդիսականին, բացի մինչ այժմ հայտնի Արաս եւ Էմին Աղալարովներից, ռուս փաստաբանից եւ բրիտանացի պրոդյուսերից, մեկ այլ՝ ՌԴ իշխանությունների հետ ավելի սերտ կապեր ունեցող ֆիգուր էլ է ներգրավված եղել: Ամպերը ոչ թե կուտակվում, այլ գրեթե սեւանում են Թրամփի գլխավերեւում:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X