Դեռ քննարկում են Մատենադարանի կարգավիճակի փոփոխության հարցը

Օրեր առաջ տեղի է ունեցել Մատենադարանի կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը, որը վարել է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ, Պնախարար Վիգեն Սարգսյանը։ Մատենադարանի ընթացիկ ծրագրերի, կատարած աշխատանքների, ֆինանսատնտեսական հաշվետվությունների կողքին քննարկվել է նաեւ Մատենադարանի կարգավիճակի փոփոխության հարցը։

Մասնավորապես, նիստին ներկա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է Մատենադարանի կարգավիճակի նախատեսված փոփոխության առավելությունները եւ դրա հետ կապված իրավիճակը։ Նա հայտարարել է, որ երբ մշակվի Մատենադարան հիմնադրամի կանոնադրությունը, այն կներկայացվի ինստիտուտի տնօրինությանը, եւ աշխատակիցները հնարավորություն կունենան քննարկելու կանոնադրության նախագիծը եւ ներկայացնելու իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։ Արդյունքում որոշվել է պաշտոնապես հավանություն տալ Մատենադարանի կարգավիճակի փոփոխության գործընթացին։

Հիշեցնենք, որ Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո արդեն 10 ամիս է անցել, եւ դեռ տնօրենի մրցույթ չի հայտարարվել, թեեւ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը վաղուց լրացել է։ Այս ամիսներին ԿԳՆ-ի պաշտոնական մեկնաբանությունը եղել է այն, որ տնօրենի մրցույթ կհայտարարվի Մատենադարանի իրավական կարգավիճակի հարցը լուծելուց հետո։ Թե ինչու ամիսներ շարունակ այդ կարգավիճակի փոփոխության հարցը չի լուծվում, դա էլ իր պատասխանն ունի. Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը միայն վերջերս պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը, որը պարտադիր պայման է տնօրենի պաշտոնի համար եւ դեռ պաշտոնապես չի հաստատվել ԲՈՀ-ի կողմից։ Ատենախոսությունը հաստատվելուց հետո, ըստ երեւույթին, կլինի թե կարգավիճակի փոփոխություն եւ թե մրցույթ։

Մեկնաբանություն
X