Օրվա խնդիրներից

Երեւանի ավագանու ընտրությունները վաղ անցյալում չէին, պարզապես երկու ամիս առաջ տեղի ունեցան, բայցեւայնպես, քաղաքի կեցությանը, քաղաքի ներսում կատարվող առօրեական շինարարություններին ու կազմակերպչական աշխատանքներին նայելիս կթվա, թե նախընտրական փուլում բոլոր ցուցանված ու մատնանշված խնդիրներն օդի մեջ սփռվող պղպջակներ էին կամ պարզապես նախընտրական ողջ թատերաշրջանի բաղադրամասեր, որոնք հարկավոր էին սոսկ ընտրության «բարեհաջող ավարտի ու դրա վայրէջքի համար»… մի խոսքով՝ ցավալիորեն, քաղաքում նույն բարդակն է:

Ցերեկային ամենաթեժ ժամերին, երբ փողոցներում խցանումների, նաեւ դրանցից բխող վթարների հավանականությունը մեծանում է, թաղապետարանների, դրանց կից շինկազմակերպությունների ղեկավար-բրիգադիրները, չգիտես ինչու, հանկարծ որոշում են, որ քաղաքի գլխավոր կամ երկրորդական փողոցների ու մայրուղիների ասֆալտն իսկապես հնացել է, եւ շտապ կարգով ասֆալտի մաշված ու պոկված շերտը քանդրտել, կարկատաններ է պետք լցնել: Բացարձակ հաշվի չառնելով երթեւեկող մեքենաների ընթացքը, խախտելով անվտանգության տարրական կանոնները, արհամարհելով մայթերով քայլող մարդկանց՝ շինարարները, իհարկե, իրենց ղեկավարների ցուցումով ամռան այս անմարդկային շոգի պայմաններում ասֆալտ են փռում՝ պատճառ դառնալով թե՛ լրջագույն խցանումների, թե՛ վթարային իրավիճակների, թե՛ արգելանքների:

Պարզ է, որ շինարարները կոպտորեն շահագործվում են իրենց կազմակերպությունների ղեկավարների կողմից, այսօրինակ կիզիչ արեւի տակ մարդկանց մայրուղիներ դուրս բերելն ու աշխատեցնելն ուղղակի հարստահարում է, եւ նրանք ոչ միայն վտանգում են իրենց առողջությունը, այլեւ կաթվածահար են անում ողջ երթեւեկությունը:

Ընդսմին, գրեթե նույն խնդիրն ի հայտ են բերում «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաները: Նախ իրենց չափերով դրանք բավականին մեծ են, եւ եթե, օրինակ, «Սանիթեքի» աղբատարներից մեկը, դարձյալ կեսօրվա ամենաթեժ պահին, որոշում է ժողովել Աբովյան փողոցի (կամ Թումանյան, Սարյան, Տերյան փողոցների) աղբը, ահա՝ մեծ ու շատ դեպքերում տեւական խցանումը, երթեւեկության կանոնները խախտելու արգելառիթը, միանշանակ, պատրաստ են: Նաեւ դեռ անցյալ տարվանից ջնջված, անտեսանելի դարձած հոծ գծերի խնդիրը․ արդյունքում միայն վարորդներն են տուժում՝ ստանալով նորանոր տուգանքներ՝ կից աղոտ լուսանկարներով, ուր շատ ժամանակ ոչ միայն հոծ գիծը չի երեւում, այլեւ չի երեւում մեքենան:

Եվ այսպես, հարյուրավոր քաղաքային առօրական խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվում, այլեւ գնալով բազմապատկվում են, էլ ավելի խորացնում եղած քաոսն ու փնթիությունը: Երեւանի ավագանու ընտրություններում քվե ստացած քաղաքական ուժերը պարտավոր են եւ անհապաղ պիտի իրականացնեն այն բոլոր խոստումները, որոնք տվել են նախընտրական փուլում:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X