«Գրքերի վարձույթը»՝ այլընտրանքային գրադարան. ընթերցասերների մեծ բանակ ունենք

«Այն խոսքերը, որ մենք չունենք ընթերցասերներ, ոչ մեկը գիրք չի կարդում, սուտ է։ Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք ունենք ընթերցասերների շատ մեծ զանգված, ու կարևորը՝ ճաշակով ընթերցասերների».- նշում է Վահե Բաղինյանը։

Վահե Բաղինյանը «Գրքերի վարձույթի» հեղինակն է, պրոյեկտը, որի վրա աշխատում է երիտասարդ ընթերցասերը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեծ արձագանք է գտել։ Արդեն 6 ամիս գործող «Գրքերի վարձույթն» այլընտրանք է ստեղծել ընթերցասերների համար, որոնց համար միգուցե ժամանակակից հեղինակների գրքերը կամ նոր հրատարակված գրքերն անհասանելի են։

«Սկսենք նրանից, որ սա բիզնես չէ, որովհետև չպետք է լինել տնտեսագիտության հանճար, հասկանալու, որ 6 հազար դրամանոց գիրքը քանի անգամ պետք է 5 հարյուր դրամով տալ, որ սկսի եկամուտ բերել։ Ավելի շատ հոբբի, ավելի շատ օգնելու համար արեցի, որովհետև ես ինքս էլ լինելով ընթերցասեր, շատ դեպքերում դժվարությունների էի հանդիպում, որովհետև գրքերը թանկ են, իսկ գրադարանում չկան նորագույն հեղինակների բնագրերից թարգմանված գրքեր։ Հանկարծակի միտքը եկավ, մոտ երկու ամիս խմորվում էր մեջս, կարելի՞ է անել, թե՞ ոչ, ի՞նչ արձագանքներ կստանա։ Ի վերջո, որոշեցի իրագործել։ Այն հաշվարկները, որ ես արել էի, իհարկե ոչ թվային, այլ ընդունելով այն հանգամանքը, որ մենք ունենք ընթերցասեր հասարակություն, արդարացվեց».- պատմում է Վահե Բաղինյանը։

Տեղեկացնենք, որ գրքերը տրվում են 7-15 օրով, մինչև 10 հազար դրամանոց գիրքը՝ 5 հարյուր դրամ է, 10 հազարից ավել գրքի շուկայական գնի 10 տոկոսն է. «Ավելի երկար ժամկետով տալիս ենք այն ընթերցողներին, ովքեր մայրեր են և խնամում են փոքրիկ երեխաներին, որովհետև եթե մարդն ընդամենն աշխատում է կամ սովորում, ավելի շատ ժամանակ է ունենում, քան երեխա պահող մայրը։ Բացի դրանից ուզում եմ խթանել, որ տանը նստած մայրերը կարդան»։ Ի դեպ, վերջինս, իր գրքերի պահոցից «չի բաժանվում», գրքերը մշտապես մեքենայի մեջ են. «Շարժական գրադարանի նման, քանի որ տարածք վարձել, ունենալ աշխատող, ավելի մեծ ծախսեր է պահանջում, ես որդեգրեցի շարժական գրադարանի տարբերակը։ Եթե մարդիկ կան, որոնք նախորդ օրն արդեն պատվիրում են գիրք, այսօր վերցնում են, հնարավոր է այսօր պատվիրեն, չսպասեն վաղվան»։

-Պարոն Բաղինյան, այս ամիսների ընթացքում ամենապահանջված գրքերը որո՞նք են եղել։

  • Ամենապահանջվածը Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունն» է, Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» և որքան էլ զարմանալի է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը»։

-Ըստ Ձեզ, գրավաճառներում գրքերի թանկ լինելն արդարացվա՞ծ է։

-Գրքերը թանկ են, բայց ունեն իրենց պատճառները, որովհետև թարգմանվում են հիմնականում բնագրերից, իսկ դա ինքնին ենթադրում է հեղինակային իրավունքի ձեռքբերում, տպագրություն, հարկեր, աշխատավարձ։ Չեմ կարծում, որ հրատարակիչները դրել են աստղաբաշխական թվեր։

-Ձեր գրադարանում միայն նո՞ր հրատարակության գրքեր են։

  • Հենց սկզբից բոլորը նոր հրատարակություններ էին, որովհետև իմ կողմից արդար չէր լինի վարձով տալ այն գրքերը, որոնք գրադարաններում հասանելի են։ Նույն Ռեմարկը, Դյուման, բոլորն էլ հասանելի են։ Բայց հետո զգացի, որ դրա պահանջարկն էլ կա, որովհետև մեր գրադարաններում քանի որ հոսքն այնտեղ շատ է, գրքերը շատ ժամանակ զբաղված են լինում։ Վերջերս ձեռք բերեցի նաև Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», Տոլստոյի «Աննա Կարենինան»։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X