Մխիթարյանը գոլով մեկնարկեց

Առհասարակ ստուգողական հանդիպումները մի շատ էական թերություն ունեն՝ դա լարվածության գրեթե իսպառ բացակայությունն է, որն ունակ չէ լիարժեքորեն բացահայտելու ակումբների կողմից ձեռք բերված նորեկների խաղը, այնուամենայնիվ պաշտոնական մրցաշարերի նախօրեին ընկերական հանդիպումները անգամ իրենց թեթևության մեջ անչափ կարևոր գործառույթ ունեն և առաջին հերթին մարզիչների համար:

Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագայի համար գալիք մրցաշրջանը հնարավոր է վճռորոշ լինի: Մանչեսթերում Ժոզեն դեռ անելիքներ շատ ունի: Ահա, Կարմիր Սատանաների շարքերը թողել են կարևոր ֆուտբոլիստներ՝ թիմի գլխավոր ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, Յունայթեդի հիրավի լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին, նրանց փոխարինելու են եկել Էվերթոնի նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուն, պորտուգալական Բենֆիկայի նախկին պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը:

Ինչ խոսք սրանք էական փոփոխություններ են, ուստի նոր ֆուտբոլիստներին Յունայթեդի խաղային մարտավարության ու փիլիսոփայության մեջ ամբողջովին ներառելու համար Ժոզե Մոուրինյոյին փորձարկումներ են պետք: Հուլիսի 16-ին ԱՄՆ-ում տրվեց այս ամսվա ստուգողական հանդիպումների մեկնարկը Մանչեսթեր Յունայթեդը հանդիպեց ԼԱ Գելեքսիին:

Կարմիր Սատանաները հանդիպումն անցկացրին երկու տարբեր կազմերով, թիմի նորեկները նրանց հետ նաև Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում հայտնվեցին միայն երկրորդ խաղակեսում: Զլատան Իբրահիմովիչին փոխարինած Բելգիայի հավաքականի 24 ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն հագել էր 9 համարի մարզաշապիկը, իսկ Ուեյն Ռունիից հետո ավագի թևկապը այսուհետ կրելու է Մայքլ Կարիկը:

Մանկունյանցիները ԼԱ Գելեքսիին հաղթեցին 5-2 հաշվով, Մարկուս Ռաշֆորդը իր հաշվին դուբլ գրանցեց, գոլերի հեղինակ դարձան նաև Ֆելաինին, Մարսիալը և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը:

Փաստենք, որ բացի խփած գեղեցիկ գոլից, ողջ երկրորդ խաղակեսում Մխիթարյանը աչքի էր ընկնում բավականին ակտիվ գործողություններով՝ կենտրոնից միանում էր թիմի գրոհներին, տեղաշարժվում էր, ազատ տարածություններ ստեղծում:

Եվ իհարկե չենք կարող չասել, որ հենց հուլիսի 16-ին Մանչեսթեր Յունայթեդի հազարավոր երկրպագուներ անհամբերությամբ սպասում էին Ռոմելու Լուկակուի խաղին և նրա առաջին գոլին: Խաղի ընթացքում զգացվում էր, որ բելգիացին իսկապես գոլ խփելու ահռելի ցանկություն ունի՝ միշտ միտված էր դեպի դարպասը, վտանգավոր հարվածներ էր կատարում, պայքարի կիզակետում էր: Բայց և այնպես նրա գործողություններում որոշակի ծանրաշարժություն, իներտություն և չխաղացվածություն կար, ինչը բնական է, Լուկակուին թերևս անհրաժեշտ են խիտ ինտենսիվությամբ մարզումներ, որպեսզի նա լիարժեքորեն կարողանա ընտելանալ թիմակիցների խաղին:

ԱՄՆ-ում Մանչեսթեր Յունայթեդի հաջորդ հանդիպում տեղի կունենա հուլիսի 18-ին, մրցակիցը՝ Ռեալ Սոլթ-Լեյք ակումբն է:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X