Օ՜, սուրբ․․․ սուրբ․․․

Հետաքրքիր էակ է մարդը։ Առավել հետաքրքիր է այն մարդը, ում կարողության մասին առասպելներ են պատմում։ Եթե Ամերիկայում կամ մի այլ վայրում գերհարուստներ են լինում, մի տեսակ հարգանքով ենք վերաբերվում, իսկ մեզ նման աղքատ երկրում միանգամից հարստանալը մարդկանց մոտ չարություն է առաջացնում։ Ամենամեղմ բառը գտա։ Չարության փոխարեն դուք դրեք այն բառը, որը հարմար եք գտնում։ Չարություն է առաջանում, որովհետև հարստության աղբյուրը «հողի միջից չի ճոթռվում»։

Կոնկրետ մեկին չէի ուզում անդրադառնալ, բայց քանի որ այսօր Գագիկ Խաչատրյանի եկեղեցու բացումն է, ուզած-չուզած օրինակը նրա վրա եմ բերելու։

Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ Եղվարդ քաղաքում այսօր տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու արարողությունը։ Հիմա կմտածեք, որ կասեմ այն, ինչ անընդհատ կրկնվում է՝ թող այդ փողերը․․․

Չէ, լրիվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Ում էլ հարցնես, կասի, երբ ինքը անարդար կամ սխալ բան է անում, գնում է եկեղեցի, մոմ վառում, ապաշխարում։ Կամ դա անում է իր տանը՝ թողություն խնդրելով Աստծուց։ Իհարկե, եթե հավատում ու վախենում է Աստծուց։

Բոլորս էլ մեղք ենք գործում՝ փոքր կամ մեծ։ Ինչևէ, մեր հնարավորությունն այդքան է, մի մոմ գնելը, ու Աստված էլ մարդու արարքը գնահատում է իր ունեցածի չափով․․․ Այսինքն աղքատի գնած մի փոքրիկ մոմն ավելի մեծ զոհաբերություն կհամարի, քան հարուստի կառուցած մի եկեղեցին։ Ես այսպես եմ հասկանում ու չեմ ուզում աստվածաշնչյան մեջբերումներ անել։

Կոնկրետ մեր մեծահարուստների կողմից եկեղեցիներ կառուցելու իմաստն եմ ուզում հասկանալ։ Լավ են անում, որ կառուցում են, բայց իմաստը․․․ Գուցե այդ մարդիկ իրենց մեղքերի թողության համար են կառուցում, որ մեղքերի բեռից կարողանա՞ն շունչ քաշել։

Ի վերջո բոլոր մարդիկ էլ հոգու, խղճի հանդարտության համար ամեն ինչ կարող են անել․․․ Խաղաղ, մաքուր հոգի ունենալը ուղղակի երանություն է։ Եթե հավատում են, որ եկեղեցի կառուցելով սրբագործվում, ձյունից էլ ճերմակ են դառնում, թո՜ղ կառուցեն․․․ Թող շատ կառուցեն, որ կարողանան խաղաղ ապրել։

Իսկ եթե կառուցում են հանրության, հավատավոր ժողովրդի համար, հետաքրքիր է՝ մեր կաթողիկոսը չի՞ ասում, որ եկեղեցի կառուցելով իրենք ևս պիտի փոխվեն․․․ գոնե մի քիչ։ Հանրությունը պիտի փոփոխությունը զգա։ Ախր Աստծո համար հավաքատեղի են կառուցում, Սրբին հավասար գործ անում․․․ Նման դեպքերում ժողովուրդը պիտի ասի՝ Օ՜, սուրբ, սուրբ։

Պիտի ասի, բայց դժգոհում է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X