Էական չի չէ՞ ես կլինեմ վարչապետ, թե ոչ․ Սերժ Սարգսյան․ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը հարցազրույց է տվել :

Դեռեւս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞, Սարգսյանն այսպես է արձագանքել 2018-ին իր՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին հարցին: «Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել»:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ նա ասել է.

«Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը հաղորդման ժամանակ, խոսել է նաև իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին։ Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Առավել մանրամասն՝ ArmeniaTV-ի տեսանյութում։

Մեկնաբանություն
X