Ի՞նչ հաց են սպառում գյումրեցիները

«Ահա այսպիսի հաց կամ ավելի շուտ՝ խմորանման զանգված են թխում և վաճառում Գյումրիում։ Մի՞թե սա կարելի է ուտել»,-ահազանգում է գյումրեցի սպառողը՝ հրապարակելով լուսանկարը։

Գյումրեցիները, սակայն, ոչ այնքան հացի որակից, որքան որ քաշից են դժգոհ:
«Ես մեր քաղաքում թխված հացի որակից գոհ եմ։ Սակայն մի բան կա որ անհանգստացնում է բոլորին՝ դա հացի քաշն է:Վատորակ հաց ամեն անգամ չէ որ պատահում է: Մեր մամերի թխած հացերն էլ էին «կուտ» գնում. ողբերգություն չէ, բայց հացի քաշը իրոք որ վիճելու առիթ է տալիս»,-նկատում է Կարուշ Ափինյանը՝ միևնույն ժամանակ նկարագրելով այն թշվառ իրավիճակը, երբ հացը արտադրամասից խանութ է հասնում. «Նման վերաբերմուք հացի նկատմամբ երևի ոչ մի հետամնաց երկրում չես տեսնի։ ԳԱԶ 24 մակնիշի մեքենայի հետնախցիկում՝ բագաժնիկի մրոտ ու կեղտոտ խցիկում. ավելի կեղտոտ արկղներում անփույթ շարած իրար վրա։ Նույն հակասանիտարական վիճակում է նաև հացավաճառ ախպերը կամ տիկինը։ Մի խոսքով մի զարհուրելի տեսարան է մեր շուկայի թե առջևի և թե հետևի մասում : Այ էստեղ է ասված՝ հարգելի քաղաքապետարան, հարգելի քաղաքապետ ու էդ գործով զբաղվող հախերն հավաքող բաժին, դուք հաց գնելուց որտեղ էք նայում։ Մի՞թե չեք տեսնում Գյումրուն անվայել վիճակը։ Ըբը ձեր թասիբ, նամուս. ցավոտ ինքնասիրությունն ուր մնաց։ Հուսանք որ շուտ կկարգավորվի կամ կսկսվի կարգավորման աշխատանքներ» :

Մեկ այլ սպառող էլ նշում է. «Հացը փքվում է վիտամին կոչված նյութի շնորհիվ,որը շատ կասկածելի նյութ է և չի նշվում բաղադրության մեջ :Չնայած ,որ մակնշումը բացակայում է ընդհանրապես: Իսկ այ թե ինչ պայմաններում են թխում, տեղափոխում և վաճառում դա արդեն մեկ այլ հարց է»: Ոմանք էլ ասում են, թե անկախ ամեն ինչից, Գյումրիի հացը համով է: Համով է հատկապես գյումրվա հայտնի թափթափան, որի արտադրության մենաշնորհն իր ձեռքն է վերցրել Մռոյի Պավլիկը: Ասում են՝ Պավլիկն իր հացի գաղտնիքը դեռ ոչ մեկի չի վստահել, խմորն անձամբ է հունցում ու տալիս է աշխատողներին : Կրուպսկայա փողոցում գտնվող նրա արտադրամասում ոչ միայն թափթափա, այլև լավաշ եւ մի քանի տեսակի հաց են արտադրում: Միայն թե աշխատակիցները վստահեցնում են, որ իրենց հացը հնարավոր չէ անեփ, կասկածելի ու վատ տեսք ունենա, ցույց են տալիս փաթեթավորումը՝ վրան մակնշած բաղադրությունն ու քաշը: Մինչդեռ քաղաքի խանութներում գերիշխում են բաց, առանց փաթեթավորման հացերը: Գյումրիում հայտնի «Բասեն» առևտրի կենտրոնի աշխատակիցը դժվարանում է ասել, թե քանի արտադրողից են հաց վերցնում, բայց որ դժգոհություն չունեն, դրանում վստահ է:

Նշենք, որ Գյումրիում հացի արտադրությամբ զբաղվող ընկերությունները 2 տասնյակից ավելի են: Ի դեպ, ամիսներ առաջ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում, Գյումրի քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել էին առանց համապատասխան թույլտվության գործող հացի արտադրամաս:

Արտադրամասը գործել էր խիստ հակահիգիենիկ պայմաններում, արտադրել էր 3 տեսակի հաց և լավաշ: Երբ զանգահարեցինք սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն , հերթական անգամ վստահեցրին, թե ստուգումներ անցկացվում են պարբերաբար, խախտում հայտնաբերելու դեպքում անհապաղ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Ինչևէ, թեպետ մեր հարցումների ընթացքում խանութների վաճառողները դժվարացան դժգոհության դեպքեր հիշել, հարցված քաղաքացիների մեծ մասը շարունակեց դժգոհել օրեցօր պակասող հացի կիլոգրամներից: Որակի հետ կապված ևս բողոքներ եղան: Հատկապես սպառողները պնդում էին, թե հաճախ է պատահում, որ հացի խմորը լավ եփված չի լինում: Թե օրական որքան հաց է սպառում 3-4 հոգանոց գյումրեցի ընտանիքը, գյումրեցուն հատուկ հումորով՝ նրանցից մեկը պատասխանեց. «Գյումրեցին կըրնա շատակեր չեղնի, բայց հացակեր չի կըրնա չեղնի»: Ինչպես վաճառողները փաստեցին, սա նշանակում է, որ միջին վիճակագրությամբ օրական մեկ ընտանիքը սպառում է 3-4 լավաշ եւ 2-3 հաց:

Գյումրեցին այնքան է կարևորում հացը, որ ամեն տարի Գյումրի քաղաքի տոնի օր կազմակերպվում է «Հացի փառատոն», եւ հացառատ Շիրակը ներկայանում է իր հացատեսակների բազմազանությամբ՝ լավաշ, բոքոն, թափթափա, տարին հաց կամ միջինք: Աննկարագրելի է «Հացի փառատոնը»՝ հացն արարվում է հենց տեղում՝ թոնիրի եւ փռի մեջ․․․

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X