Տնօրեններն ընդդեմ Իոաննիսյանի գործով առաջին նիստին հայցվոր կողմը չէր ներկայացել

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրեններից մեկի՝ Երանուհի Հարությունյանի հայցով նիստը։ Դատական նիստին չէին ներկայացել դիմող կողմից ոչ ոք, իսկ պատասխանող կողմից ներկայացել էին Դանիել Իոաննիսյանն ու նրա ներկայացուցիչները։ Դատական նիստը մեկնարկելուն պես գործով դատավոր Անի Մխիթարյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը դիմում է ներկայացրել՝ նշելով, որ հրաժարվում է հայցից, եւ խնդրում են գործը կարճել։ Դատավորը այսօրվա նիստը համարեց ավարտված՝ նշելով, որ վճիռը կհրապարակի հուլիսի 21-ին։ Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հարցրեց, թե արդյոք ստացել են նույնաբովանդակ դիմումներ իր վարույթում գտնվող այլ հայցերից․ դատավորը դրական պատասխան տվեց։ Անի Մխիթարյանի վարույթում կա նմանատիպ հինգ հայց։

Ինչպես հայտնի է, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:

30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 60 միլիոն դրամ:

Մեկնաբանություն
X