Ոչ իրավաչափ միջամտություններ եւ բռնություններ՝ հավաքներին. զեկույց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2016թ–ի հուլիսից մինչեւ 2017թ–ի հունիսի30-նիրականացված խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը։

Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանում եւ Գյումրիում կազմակերպված հավաքների նկատմամբ տեղի են ունեցել բազմաթիվ ոչ իրավաչափ միջամտություններ եւ բռնություններ: Չեն պահպանվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, հավաքների նկատմամբ ներգործությունների համար սահմանված կարգը: Հավաքների ընթացքի նկատմամբ տեղի են ունեցել չարդարացված եւ ոչ համաչափ միջամտություններ: Բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ ենթարկվել են հետապնդումների՝ կապված իրենց կողմից հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ:

Ոստիկանության կողմից հավաքների անցկացման արգելումը, հավաքների անցկացման վայրերի չհիմնավորված սահմանափակումները կրել են կազմակերպված բնույթ: Նման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, սակայն, նշված օրերին Հայաստանի Հանրապետության որեւէ հատվածում արտակարգ դրություն չէր հայտարարվել: Լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները եւ սպառնալիքները, բացի անձնական ֆիզիկական եւ բարոյական վնասներից, վտանգի տակ են դրել խաղաղ հավաքների ընթացքի լուսաբանումը եւ խոչընդոտել հավաքների ազատության իրավունքի իրականացմանը հավաքի մասնակիցների կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել եւ ժամեր շարունակ անհիմն պահվել ինչպես ոստիկանության բաժիններում, այնպես էլ ոստիկանության զորքերի զորամասերում:

Ճնշումների եւ բռնությունների զոհ են դարձել հավաքների մասնակից չհանդիսացող անձինք, ինչպես նաեւ հավաքի մասնակիցների ընտանիքի անդամներ: 2016 թ. հուլիսյան դեպքերի ընթացքում խախտումներ կատարող որոշ ոստիկաններ թեեւ ստացել են կարգապահական տույժեր, սակայն բռնություններ իրականացրած որեւէ իրավապահ մարմնի աշխատակից կամ այլ անձ քրեական պատասխանատվության դեռեւս չի ենթարկվել:

Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածներում, խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, կրկին ներկա են եղել առանց համազգեստի ոստիկաններ, որոնք, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, հավաքների ընթացքին չեն միջամտել եւ մասնակիցների ձերբակալումներ չեն իրականացրել: Ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնք մշտապես ծառայություն են իրականացնում խաղաղ հավաքների ընթացքում, համազգեստի վրա չեն կրել տարբերակման նշաններ, ինչը կարող է դժվարացնել անհրաժեշտության դեպքում նրանց նույնականացումը: Խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները ուղղված են եղել անձանց կողմից տվյալ կամ հետագա հավաքներին մասնակցությունը սահմանափակելուն կամ նախատեսված հավաքների անցկացումը խափանելուն:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանություն
X