10 հազար դրամների թմբիրից անցել է որոշ ժամանակ, սակայն ոչինչ չի փոխվել․ Արմեն Մարտիրոսյան

Մեկ տարի առաջ այս օրը «Սասնա ծռեր» խմբի անդամները հսկողության տակ վերցրեցին Երեւանի Էրեբունու ՊՊԾ գունդը։ Դրան հաջորդեցին «Սասնա ծռեր»-ի անդամներին աջակցող ցույցերն ու հանրահավաքները։ Եթե հանրության մեջ կար որոշակի համակրանք եւ աջակցություն «Սասնա ծռեր»-ի նկատմամբ, ապա քաղաքական ուժերից ոմանք ձեռնպահ մնացին նրանց աջակցելուց, ոմանք՝ դատապարտեցին։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այն ժամանակ կալանավորվեց, իսկ մեկ ամիս անց ազատ արձակվեց գրավով։ Նրան մեղադրանք էին առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում), մեղադրանքն առ այսօր չի հանվել։ Մեր հարցին, թե ինչպես կարձագանքեր, եթե «Սասնա ծռեր»-ի գործողությունները տեղի ունենային այսօր, Արմեն Մարտիրոսյանն ասաց․ «Ես կլինեմ բոլոր այն տեղերում, որտեղ մեր քաղաքացիները պայքարում են իրենց իրավունքների համար»։

Մեկ տարվա ընթացքում, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ոչինչ չի փոխվել դրական առումով, հակառակը՝ խորացել է հիասթափությունը։ Միակ դրական փոփոխությունը, ըստ «Ժառանգության» փոխնախագահի, այն է, որ ժամանակավոր չեզոքացվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված Ս․ Լավրովի պլանը։
«Համենայնդեպս, Հայաստանում կան մարդիկ, որոնք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, եւ, ինչպես նախկինում են իրենց կյանքը վտանգել, այսօր էլ կարող են վտանգել։ Իսկ հասարակական ապատիան եւ հիասթափությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի է խորացել։ Հատկապես՝ ԱԺ ընտրություններից հետո, տեղեկատվական թմբիրից, 10 հազար դրամների թմբիրից անցել է որոշ ժամանակ, եւ մարդիկ տեսել են, որ ոչինչ չի փոխվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։ Ըստ նրա՝ որքան էլ մեր հասարակությունը դեգրադացված է, այնուամենայնիվ, կան բարոյական բարձր արժեքներ կրող մարդիկ։ Արթուր Սարգսյանը, ըստ մեր զրուցակցի, բարոյականության չափանիշ էր, որն իր կյանքի գնով ապացուցեց, որ պետք է պահպանել բարոյական արժեքները։ «Ինձ համար «Հաց բերողը» նորանկախ Հայաստանի արժեքային համակարգի վերակենդանացման չափանիշ է։ Իշխանությունները նրան բացառապես խոշտանգեցին, քանի որ նման հիվանդությունների տեր մարդուն չպետք է ազատազրկեին եւ պահեին անազատության մեջ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Մեկնաբանություն
X