Չկարգավորվող կլիմայի փոփոխությունը կվերացնի Ասիայում զարգացման ոլորտում ձեռք բերված հաջողությունները՝ նոր զեկույց

ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (14 հուլիսի 2017թ.) - Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ Պոտսդամի Կլիմայի ազդեցության հետազոտման ինստիտուտի (PIK) կողմից մշակված զեկույցի համաձայն՝ չկարգավորվող կլիմայի փոփոխությունը կործանարար հետեւանքների կբերի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրներում, ինչը կարող է խիստ բացասաբար ազդել դրանց ապագա աճի վրա, չեզոքացնել ընթացիկ զարգացման նվաճումները, եւ խաթարել կյանքի որակը:
Գործունեության սովորական ընթացքի սցենարի դեպքում (բարեփոխումների բացակայության պայմաններում), Ասիական ցամաքի համար կանխատեսվում է մինչև դարավերջ Ցելսիուսի սանդղակով 6 աստիճան ջերմաստիճանի բարձրացում: Համաձայն զեկույցի, որը վերնագրված է «Վտանգված տարածաշրջան՝ կլիմայի փոփոխության մարդկային հարթությունները Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»՝ որոշ երկրներ տարածաշրջանում կարող են ենթարկվել զգալիորեն ավելի շոգ կլիմայի ազդեցության, ընդ որում, ջերմաստիճանի աճը Տաջիկստանում, Աֆղանստանում, Պակիստանում, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հյուսիս-արեւմտյան մասում կանխատեսվում է, որ կհասնի Ցելսիուսի 8 աստիճան մակարդակի:

Ջերմաստիճանի այս բարձրացումները կհանգեցնեն կտրուկ փոփոխությունների տարածաշրջանի եղանակային համակարգում, գյուղատնտեսության եւ ձկնաբուծության ոլորտներում, հողի եւ ծովային կենսաբազմազանության, ներքին եւ տարածաշրջանային անվտանգության, առեւտրի, քաղաքաշինության, միգրացիայի եւ առողջապահության ոլորտում: Նման սցենարը նույնիսկ կարող է գոյատեւման վտանգ առաջացնել տարածաշրջանի որոշ երկրների համար եւ փշրել կայուն եւ ներառական զարգացմանն ուղղված ցանկացած հույս:

«Համաշխարհային կլիմայական ճգնաժամը, թերեւս, մարդկային քաղաքակրթության ամենամեծ մարտահրավերն է 21-րդ դարում, ընդ որում, Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն այդ ամենի կիզակետում», - ասել է ԱԶԲ գիտելիքների կառավարման եւ կայուն զարգացման գծով փոխնախագահ Բամբանգ Սուսենտոնոն: «Հանդիսանալով աշխարհի աղքատների երկու երրորդի հանգրվանը եւ համարվելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի տարածաշրջան, Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրները ենթարկվում են ավելի խորը աղքատության մեջ ընկնելու ամենաբարձր ռիսկի, եւ աղետի՝ եթե մեղմացման եւ հարմարվողականության ջանքերն արագ եւ խստորեն չիրականացվեն »:

«Ասիայի երկրները Երկիր մոլորակի ապագան պահում են իրենց ձեռքերում: Եթե նրանք ընտրեն պաշտպանվել կլիմայական վտանգավոր փոփոխություններից, ապա նրանք կօգնեն փրկել ամբողջ մոլորակը», - ասել է պրոֆեսոր Հանս Յոաքիմ Շելնհաբերը, PIK- ի տնօրենը: «Մարտահրավերը երկբնույթ է: Մի կողմից, Ասիայում ջերմոցային գազերի արտանետումները պետք է կրճատվեն այնպես, որ համաշխարհային հանրությունը կարողանա սահմանափակել մոլորակի տաքացումն ավելի քան Ցելսիուսի 2 աստիճանից ցածր, ինչպես որ համաձայնեցված է Փարիզում 2015 թ-ին: Սակայն, նույնիսկ Ցելսիուսի 1.5 աստիճան ջերմաստիճանի բարձրացմանը հարմարվելը կարևոր խնդիր է հանդիսանում: Մյուս կողմից՝ ասիական երկրները պետք է ռազմավարություն գտնեն՝ անխուսափելի կլիմայի փոփոխության պայմաններում, առողջ համաշխարհային զարգացման ներքո բարգավաճում եւ անվտանգություն ապահովելու համար: Սակայն նշենք, որ մաքուր արդյունաբերական հեղափոխություն առաջնորդելն աննախադեպ տնտեսական հնարավորություններ կտրամադրի Ասիային: Շրջակա միջավայրի փոփոխության ցնցումները կլանելու լավագույն ռազմավարությունների ուսումնասիրությունը կդարձնի Ասիան 21-րդ դարի բազմակողմանի մոտեցումների պայմաններում կարևորագույն դերակատար»:

Ակնկալվում է, որ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կենթարկվեն ավելի ինտենսիվ թայֆունների եւ արեւադարձային ցիկլոնների ազդեցության, ընդ որում՝ գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացմամբ: Գործունեության սովորական ընթացքի դեպքում, ամենամյա տեղումների մակարդակն ակնկալվում է, ար կբարձրանա մինչեւ 50% տարածաշրջանի հողատարածքների մեծ մասում, չնայած, որ Պակիստանի եւ Աֆղանստանի նման երկրներում անձրևի տեղումները կարող են կրճատվել 20-50% -ով:

Տարածաշրջանի ափամերձ եւ ցածրադիր տարածքները հեղեղումների բարձր ռիսկի կենթարկվեն: Մեկ մետր ծովի մակարդակի բարձրացման վտանգին ենթակա 25 քաղաքներից 19-ը տեղակայված են տարածաշրջանում, որոնցից 7-ը գտնվում են միայն Ֆիլիպիններում: Ինդոնեզիան, սակայն, ափամերձ ջրհեղեղների ազդեցությանն ամենաշատը ենթարկվող երկիրը կլինի տարածաշրջանում, ուր, ըստ կանխատեսումների, մոտավորապես 5.9 միլիոն մարդ ազդակիր կդառնան ամեն տարի, մինչեւ 2100 թվականը:

Ջրհեղեղի եւ այլ աղետների նկատմամբ խոցելիության բարձրացումը զգալիորեն կազդի տարածաշրջանի վրա, իսկ աշխարհի վրա՝ տնտեսապես: Ակնկալվում է, որ ջրհեղեղների հետևանքով գլոբալ կորուստները կաճեն տարեկան մինչեւ 52 մլրդ դոլար մինչ 2050 թվականը, 2005 թ-ի 6 մլրդ. ցուցանիշի համեմատ: Բացի այդ, 2005-2050 թթ. ջրհեղեղների հետևանքով տարեկան կորուստների ամենամեծ աճ ունեցող 20 քաղաքներից 13-ը գտնվում են Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Գուանգժոու, Շենժեն, Թիանջին, Ժանջիանգ եւ Սիամեն (ՉԺՀ); Մումբայ, Չեննայ-Մադրաս, Սուրատ եւ Կալկաթա (Հնդկաստան); Հո Շի Մին Սիթի (Վիետնամ); Ջակարտա (Ինդոնեզիա); Բանգկոկ (Թաիլանդ); և Նագոյա (Ճապոնիա):

Կլիմայի փոփոխությունը տարածաշրջանում սննդամթերքի արտադրությունն ավելի բարդ կդարձնի, իսկ արտադրական ծախսերը ՝ավելի բարձր: Հարավարեւելյան Ասիայի որոշ երկրներում, բրնձի բերքը մինչեւ 2100 թ-ը կարող է նվազել մինչեւ 50%-ով, եթե ոչ մի հարմարվողականության ջանքեր չիրականացվեն: Մինչդեռ, Ուզբեկստանում գրեթե բոլոր մշակաբույսերը, նախատեսվում է, որ կնվազեն 20-50%-ով մինչև 2050 թվականը, նույնիսկ Ցելսիուսի 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացման (Փարիզյան համաձայնագրի սցենարով) պարագայում: Սննդամթերքի պակասը կարող է 7 միլիոնով ավելացնել թերսնվող երեխաների թիվը Հարավային Ասիայում, քանի որ ներմուծման ծախսերը, ամենայն հավանականությամբ, ենթատարածաշրջանում կավելանան, հասնելով 15 միլիարդ դոլար տարեկան, մինչև 2050 թ., ի համեմատ 2 միլիարդ դոլարի մակարդակի:

Ծովային էկոհամակարգերը, մասնավորապես, Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, լուրջ վտանգի տակ կհայտնվեն մինչև 2100թ.: Բոլոր բուստախութային համակարգերը ենթատարածաշրջանում կփլուզվեն՝ մարջանների զանգվածային գունազրկման պատճառով, եթե գլոբալ տաքացումն աճի Ցելսիուսի 4 աստիճանով (գլոբալ գործունեության սովորական ընթացքի սցենարով): Նույնիսկ 1.5 աստիճան ջերմաստիճանի բարձրացման դեպքում, ակնկալվում է, որ բուստախութերի 89 տոկոսը կենթարկվեն լուրջ գունազրկման, ինչը մեծապես բացասաբար կազդի խութամերձ ձկնորսության եւ զբոսաշրջության վրա Հարավարեւելյան Ասիայում:

Կլիմայի փոփոխությունը նաեւ առողջության համար զգալի ռիսկ է առաջացնում Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արդեն տարեկան 3,3 միլիոն մարդ մահանում է դրսի օդի աղտոտման վնասակար ազդեցության պատճառով, ընդ որում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը եւ Բանգլադեշը հանդիսանում են այդտեսակ մահացության առաջատար ցուցանիշներով չորս երկրները: Բացի այդ, տարածաշրջանում շոգի հետ կապված մահվան դեպքերը տարեց մարդկանց շրջանում կավելանան մոտավորապես 52 հազար դեպքով մինչև 2050 թ-ը, կլիմայի փոփոխության պատճառով՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների: Հնարավոր է, նաեւ, ավելանան հիվանդություններ տարածողների հետ կապված մահացության դեպքերը, ինչպիսիք են, օրինակ, մալարիան եւ արևադարձային տենդը:
Գործունեության սովորական ընթացքի մոտեցումը կլիմայի փոփոխության խնդրի հանդեպ կարող է նաեւ խաթարել էկոհամակարգային ծառայությունների աշխատանքը, առաջացնելով զանգվածային միգրացիա՝ հիմնականում դեպի քաղաքային վայրեր, ինչը կարող է քաղաքները դարձնել ավելի մարդաշատ ու գերծանրաբեռնել առկա սոցիալական ծառայությունները:

Ավելին, տաք կլիման տարածաշրջանում կարող է վտանգել էներգամատակարարումը: Կլիմայի փոփոխությունը կարող է սրել էներգամատակարարման անապահովությունը՝ անկայուն հանածո վառելիքի շարունակական օգտագործման, հովացման ջրի սակավության պատճառով ջերմային էլեկտրակայանների նվազող հզորությունների, եւ անորոշ ջրային հոսքերի արդյունքում ՀԷԿ-երի ընդհատվող աշխատանքի հետեւանքով, ի թիվս այլ գործոնների: Էներգետիկ անապահովությունը կարող է հանգեցնել հակամարտությունների, քանի որ երկրները մրցակցում են սահմանափակ էներգամատակարարման համար:

Կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու համար, զեկույցը կարեւորում է Փարիզի համաձայնագրում նշված պարտավորությունների կատարումը: Դրանք ներառում են հանրային եւ մասնավոր ներդրումներ, որոնք կենտրոնացած են Ասիական տնտեսության արագ դեկարբոնիզացման, ինչպես նաեւ, տարածաշրջանի բնակչության ամենախոցելի խավերը պաշտպանելուն միտված հարմարվողականության միջոցառումների իրականացմանը: Կլիմայի մեղմացման եւ հարմարվողականության ջանքերը պետք է նաեւ ներառվեն մակրո-մակարդակում տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների եւ բոլոր ոլորտներում միկրո-մակարդակում ծրագրային պլանավորման մեջ, ի լրումն քաղաքային ենթակառուցվածքների եւ տրանսպորտի ոլորտում վերականգնվող էներգիայի եւ տեխնոլոգիաների նորարարական ընթացիկ ջանքերի: Տարածաշրջանն ունի ինչպես կարողություններ, այնպես էլ ազդեցության կշիռ՝ շարժվելու դեպի կայուն զարգացման ուղիները, զսպելու գլոբալ արտանետումները, եւ խթանելու հարմարվողականությունը, նշված է զեկույցում:

ԱԶԲ-ը հաստատել է ռեկորդային 3.7 միլիարդ դոլարի չափով կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված ֆինանսավորում 2016 թ-ին, եւ պարտավորվել է հետագայում ևս ավելացնել իր ներդրումները, հասցնելով 6 միլիարդ դոլարի մինչև 2020 թ.:

ԱԶԲ-ը, որը հիմնված է Մանիլայում, նվիրված է ներառական տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցման գործին: Հիմնադրված լինելով 1966 թվականին՝ ԱԶԲ-ը տոնում է տարածաշրջանում զարգացման գործունեությանը միտված գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամներին, որոնցից 48-ը՝ տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի տրամադրած օգնությունը կազմել է 31,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ՝ 14 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

Մեկնաբանություն
X