Կարծում եմ՝ վաղ թե ուշ ունենալու ենք Արթուրի մահվան համար պատասխանատուների դատավարություններ․ Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը անցյալ տարի, «Սասնա ծռերի» կողմից Երեւանի Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը), հետո ազատ արձակեցին։

Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց Hraparak.am-ի մի քանի հարցերին։

-ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին ի՞նչ փոխեց հանրային գիտակցության մեջ։ Ձեզ կալանավորեցին եւ շուրջ մեկ ամիս անց ազատ արձակեցին։ Ի՞նչ հետեւություններ եք արել անցած մեկ տարվա ընթացքում։
Մինչեւ այդ դեպքերն էլ բոլորը հասկանում էին, որ այսպես չի կարող երկար շարունակվել: ՊՊԾ գնդի գրավումը եւ դրան հետեւած իրադարձությունները թե՛ հանրությանը եւ թե՛ իշխանություններին ցույց տվեցին, թե ինչ վտանգավոր ցնցումների առջեւ կարող է կանգնել երկիրը եթե տեղի չունենան փոփոխություններ: Բացի դա, «Սասնա Ծռերի» գործողությունը եւ դրան հետեւած ժողովրդական շարժումը եթե ոչ ամբողջապես կանխեց, ապա գոնե հետաձգեց հետաձգեց Արցախյան հարցում Լավրովյան պլանի իրականացումը, որն այլ կերպ քան հակահայկական անվանել չի կարելի, եւ որի տակ պատրաստվում էր ստորագրել Սերժ Սարգսյանը:

-Ինչո՞ւ են իշխանությունները «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ կիրառում բռնություն դատարանում, երբ կարող էին դատն անցկացնել անաղմուկ։
Ինձ համար եւս անհասկանալի է, թե շղթայված Ծռերի հանդեպ բռնությունը իշխանության որ ճյուղի որոշումն է: Եթե հստակ իմանայի այս հարցի պատասխանը՝ շատ այլ բաներ եւս պարզ կդառնար առաջիկա քաղաքական զարգացումների մասով: Բայց կարող է լինել նաեւ պարզ ու չհաշվարկված քայլ, համակարգի կողմից՝ իրեն հարված հասցրած հայորդիների հանդեպ կենդանական վրեժխնդրության դրսեւորում:

-Խնդրում եմ անդրադառնաք նաեւ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվանը։
«Հաց բերողի» մահը ամոթալի էջ էր Հայաստանի պատմության մեջ. մենք չկարողացանք պաշտպանել մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկին նեխած, բայց ագրեսիվ այս համակարգից: Կարծում եմ՝ վաղ թե ուշ Արթուրի մահվան համար պատասխանատուների դատավարություններ ենք ունենալու:

-Ձեզ առաջադրված մեղադրանքները հանվե՞լ են, թե՞ ոչ։
Ոչ:

Մեկնաբանություն
X