Գյուղապետերի երկարակեցության գաղտնիքը

Գեղարքունիքի մարզն ունի 92 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 87-ը՝ գյուղական: 2 տասնյակից ավելի համայնքների ղեկավարներ արդեն ավելի քան 20 տարի պաշտոնավարում են: Մարզի ամենաերկարակյաց պաշտոնյան Արտանիշ համայնքի ղեկավար Կարեն Շուշանյանն է, ով պաշտոնը ստանձնել է 1992թ-ին: Նրանից հետաքրքրվեցինք, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը. «Համայնքի ղեկավարը առաջնահերթ պետք է պաշտպանի իր ժողովրդի շահերը: Բնակիչներին հարգի, նրանց հետ շփվի թե՛ ուրախության եւ թե´ տխրության ժամանակ, ամեն հարցում ժողովրդի կողքին պետք է լինի: Շատ պաշտպանի իր ժողովրդի մարդկային արժանապատվության գաղափարը, դրանից էլ իմ ժողովուրդը ինձ միշտ վերընտրում է»,-ասաց Կարեն Շուշանյանը:

Հաջորդ երկարակյաց գյուղապետը կին է, Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գևորգյանը պաշտոնը ստանձնել է 1996թ.–ին: Ըստ նրա՝ համայնքի ղեկավարը երկար է աշխատում, քանի որ արդար է:

Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանն էլ, ով պաշտոնը ստանձնել է 1996թ.-ին, իր երկար պաշտոնավարելու մասին ասաց. «Մեր համայնքը փախստականներով է բնակեցված, տարբերություն չեմ դրել տեղացի կամ եկածների միջեւ, մաքուր եմ աշխատել: Աշխատել եմ հնարավորության սահմաններում օգնել ժողովրդին: Պետությունից ակնկալիք չենք սպասել, հնարավորին չափով լուծել ենք խնդիրները, երեւի դա է, որ բնակիչները միշտ ընտրել են, բայց լավ կլինի, դուք այդ հարցը ուղղեք գյուղացիներին: Միակ համայնքն է, որ ընտրությունների ժամանակ ոչ մի կաշառք չի բաժանվել, անգամ 1 կգ պեսոկ, կամ 1լ ձեթ, գյուղացիները իրենց կամքով են գնացել ու ինձ ընտրել»:

Ձորավանք Համայնքի ղեկավարը 21 տարի է ինչ պաշտոնավարում է: Նա նշեց, որ այդ տարիների ընթացքում ինքը միակն է, ու վերջինը. «Դե թեկնածությունս դրել եմ, ընտրվել: 2 անգամ հետս մրցակից եմ ունեցել, բայց ես եմ ընտրվել: Ես միակն եմ ու վերջինը: Մեկ է՝ համայնքները կմիանան, էլ չգիտեմ կաշխատեն, թե ոչ»,-ասաց Նիկոլայ Խալաթյանը:
Ի դեպ նշենք, որ Գեղարքունիքի մարզում համայնքների խոշորացման հետեւանքով որոշ գյուղապետեր հրաժեշտ կտան իրենց պաշտոնին:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X