Եթե հնչեին այլ կարգախոսներ, կոչեր, այլ կլիներ հասարակության արձագանքը. Տիգրան Խզմալյան

«Երբեմն ֆիզիկայում, կենսական պայմաններում կամ կենցաղում ծուռն ուղիղ դարձնելու համար պետք է այն ծռել հակառակ ուղղությամբ, և դա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ».- վերհիշելով անցյալ տարվա իրադարձությունները, կարծիք է հայտնում ռեժիսոր, մտավորական Տիգրան Խզմալյանը։ **Ի՞նչ ազդեցություն թողեցին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման դեպքերը Հայաստանի ներքաղաքական կյանքում. **Տիգրան Խզմալյանը համարում է, որ այս հարցին ինքն օբյեկտիվ պատասխան տալ չի կարող, չէ՞ որ ծռերի մեծ մասն իր ընկերներն են, թեպետ նախկինում լուրջ գաղափարական հակասություններ են ունեցել. «Այդ գնահատականը նույնքան երկիմաստ և հակասական է, որքան այդ իրադարձությունն ինքը։ Դա շատ ծանր և անխուսափելի իրադարձություն էր մեր քաղաքացիական հասարակության հասունացման համար, դա հերթական փորձն էր ուղիղ դարձնել ծուռը։ Ծռերի մեծ մասն իմ ընկերներն են, որոնց հետ ապստամբությունից երկու տարի առաջ ես լուրջ գաղափարական հակասություններ էի ունեցել։ Եվ վերջին այդ շրջանում մենք տարբեր կերպ էինք գնահատում իրադարձությունը։ Ես և իմ նմանները համարում էին, որ մեր գլխավոր թիրախը, մեր գլխավոր թշնամին դա օտար զավթիչներն են, և պետք է ազգային ազատագրական պայքարի դրոշը բարձրացնել։ Մեր հասարակությունը, ըստ երևույթի, դրան պատրաստ չէր, որովհետև եթե համեմատենք Ուկրաինայի և Վրաստանի հետ և եթե համեմատենք նախորդ փորձի հետ՝ Շանթ Հանրությունյանի փորձն էր, մենք տեսնում ենք, որ դա չստացվեց։ Եվ միայն հանձնվելուց երկու օր առաջ մենք լսեցինք այն խոսքերը, որոնք պետք է, իմ կարծիքով հնչեին հենց սկզբից։ Վարուժան Ավետիսյանի արտահայտած գաղափարը՝ ազգային ազատագրական պայքարի և երկրի ապագաղութացման մասին, եթե հնչեին ամենասկզբից, միգուցե իրադարձություններն այլ կերպ զարգանային, որովհետև ժողովուրդը սպասում էր, իմ կարծիքով, դրան։ Բայց ավաղ, եղավ այն, ինչ եղավ, և հետո այդ ապստամբությունն արտահայտեց հասարակության հասունացման այդ աստիճանի, այդ փուլի իրավիճակը»։

Պարոն Խզմալյան, կարծիքներ են հնչում, որ եթե այդ օրերին հարթակում կանգնած լիդերներն այլ մարդիկ լինեին, միգուցե իրադարձություններն այլ հունով ընթանային, համամի՞տ եք այդ տեսակետի հետ. «Ոչ, խնդիրը բոլորովին մարդիկ չեն, խնդիրը գաղափարն է և այն կարագախոսը, որի մասին խոսեցի, եթե հնչեին այլ կարգախոսներ, այլ կոչեր, այլ վերլուծություն և՛ Խորենացիում, և՛ ՊՊԾ-ից դուրս եկած, որովհետև Խորենացիում մարդիկ արձագանքում էին գունդը գրաված ապստամբների կոչերին, եթե այդ գաղափարները լինեին այլ, ես պնդում եմ, որ այլ կլիներ նաև երկրի, ազգի, հասարակության արձագանքը, և ոչ պակաս կարևոր է՝ աշխարհի արձագանքը։ Ես գտնում եմ, որ եթե առաջին օրերին հնչեր այն կարգախոսը, որը հնչեց նախավերջին օրը, և որից հետո հարցն արագորեն «լուծվեց», ես վստահ եմ՝ դա կտաներ մեզ բոլորովին այլ տեղ, և շատ ավելի հաջող արդյունք կունենայինք։

Պարոն Խզմալյան, երևի տեղյակ եք, որ ոստիկանության ՊՊԾ գնդում տեղադրվելու են զոհված ոստիկաններին նվիրված հուշաքարեր, որը նույնպես միանշանակ չընդունվեց մեզանում. «Պետականության տեսակետից ոստիկանները, հատկապես այն գնդապետը, որը պաշտպանում էր իր աշխատասենյակը, իր դիրքը, գործում էին օրենքի, սահմանադրության և իրենց երդման համաձայն։ Այլ հարց է, որ այդ սահմանադրությունը չի կատարում, այդ օրենքը ոտնահարվում է հենց նույն ոստիկանության, արդարադատության կողմից և այստեղ է, որ հակասություն է առաջանում։ Ուրիշ հարց է առաջացնում, ինչպե՞ս վերադառնալ օրենքին, օրենքը հնարավո՞ր է կյանքի կոչել օրենքը խախտելով, դա հռետորական հարց էր մինչև անցյալ տարվա հուլիսը։ Փաստորեն, ապստամբները փորձեցին իրականացնել որոշ երկրների սահմանադրությամբ նախատեսված սպստամբության իրավունքը։ Ոստիկանները կատարում էին իրենց ծառայողականը, իսկ ապստամբները կատարում էին իրենց քաղաքացիական պարտքը, ինչպես հասկանում էին դա։ Եվ պետությունը հենց դա է, որ երկու կողմերն էլ դիտում են իրավիճակն իրենց արդարության տեսակետից, և դա բերում էր մեզ քաղաքացիական պատերազմի շեմին։ Հենց այդ պատճառով համարում եմ, որ մենք պետք է կարևոր դաս քաղենք այդ ամեն ինչից։ Հարցն այն է, որ խնդրի արմատը մեր երկրից դուրս է, մեր երկրի կախվածության, երկրի օկուպացված լինելու իրավիճակում է, այսինքն՝ ողբերգությունն իրականում այն է, որ ոստիկանները պաշտպանում էին զավթիչների օրենքները և զավթիչների շահերը։ Այստեղ միանշանական գնահատական տալը դժվար է»։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X