Մենք ենք, մեր ժողովուրդն ա, մեր երկիրն ա, ի՞նչ ա եղել որ. Իոաննիսյանի դեմ հայցից հրաժարված տնօրեն

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրեններից մեկի՝ Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանի հայցով նիստը։ Երեկ դատական նիստին չէր ներկայացել դիմող կողմը, իսկ պատասխանող կողմից ներկա էին Դանիել Իոաննիսյանն ու նրա ներկայացուցիչները։ Դատական նիստը մեկնարկելուն պես գործով դատավոր Անի Մխիթարյանը հայտարարեց, որ հայցվորը դիմում է ներկայացրել՝ նշելով, որ հրաժարվում է հայցից, եւ խնդրում են գործը կարճել։ Դատավորը նիստը համարեց ավարտված՝ նշելով, որ վճիռը կհրապարակի հուլիսի 21-ին։

Անհեռանկարային գործ էր

Թեւ հայցվորը հայցից հրաժարվելու պատճառների մասին չէր նշել, այնուամենայնիվ, պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կարծում է, որ տնօրենները գիտակցել են, որ անհեռանկարային գործ է, եւ եթե անգամ հասնեին որոշակի հաջողության, ապա այս գործը գնալու էր ՄԻԵԴ. «Եթե պրոցեսն ընթացքի մեջ լիներ, ապա Հայաստանը բավականին մեծ ճնշումների կենթարկվեր, կարծում եմ՝ այդ պատճառով էլ հրաժարվել են՝ որպես անհեռանկարային հայց»։ Արտակ Զեյնալյանը նշեց, որ արդեն հայտարարված է, որ սա քողարկված հայց է Հանրապետական կուսակցության կողմից եւ ոչ թե տնօրենների։ Նա նաեւ նշեց, որ իրենց հետագա գործողությունները կպլանավորեն՝ կախված իրավիճակից, այս պահին որեւէ բան հայտարարել չեն կարող։ Դանիել Իոաննիսյանն էլ վստահ է, որ գործն իրենք հաղթելու էին, եւ դրա համար կան մի քանի պատճառներ. «Որովհետեւ մենք որեւիցե մեկին չենք զրպարտել, չեն կարող հերքել այն, ինչ իրականություն է։ Երկրորդը․ որովհետեւ Հայաստանը լուրջ խնդիրներ կունենար, եթե հանկարծ լուրջ իրավախախտումներ թույլ տային դատարաններում։ Եվ, երրորդը․ մեզ ներկայացնում էին ոլորտի լավագույն փաստաբանները, որոնք լավագույնն են։ Ես կարծում եմ՝ այս լույսի ներքո հրաժարվեցին հայցադիմումից, քանի որ պարտվելը հաճելի գործ չէ»։

Հանցագործություն չեն կատարել

Բացի Երանուհի Հարությունյանից, հայցադիմումը ետ են վերցրել նաեւ մյուս՝ մանկապարտեզների եւ դպրոցների 29 տնօրենները։ Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը նշեց, որ անհատապես բոլոր տնօրեններից զանգ է ստացել, որ հայցերից հրաժարվում են։ Անդրադառնալով պաշտպանական կողմի այն խոսքերին, թե գործն անհեռանկարային էր, փաստաբանը նշեց՝ եթե համարեին անհեռանկարային, երբեք այդ գործով դատարան չէին մտնի՝ որպես ներկայացուցիչ. «Ես, կոնկրետ որպես իրավաբան, հիմա էլ եմ գտնում, որ հեռանկարային է այդ գործը, ուղղակի, քանի որ մենք պետք է մեր վստահորդի շահերը պաշտպանեինք, իրենք ուզում են հրաժարվել հայցից, ես այլ տարբերակ չունեմ, քան հայցից հրաժարվելը»։ Հարություն Հարությունյանը չի կիսում նաեւ Արտակ Զեյնալյանի այն տեսակետը, որ եթե անգամ Հայաստանի դատարանում հայցվոր կողմը որոշակի հաջողության հասներ, ապա ՄԻԵԴ-ում լուրջ խնդիրներ կունենար. «Ես գտնում եմ, որ Հայաստանը ոչ մի խնդիր չէր ունենա»։

Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը 30 տնօրեններին համարում է անմեղ մեղավորներ եւ նշում, որ ինքը միայնակ է որոշում կայացրել՝ հայցադիմումը ետ վերցնել. «Դարձանք անմեղ մեղավոր, ետ ենք վերցրել եւ վերջ։ Անձամբ իմ որոշումն է, ես ետ եմ վերցնում։ Ընտրություններ էին, մի բան մեկը սխալ հասկացավ, կրքերը բորբոքվեցին, հիմա իմաստ չունի։ Մենք ենք, մեր ժողովուրդն է, մեր երկիրն է, ի՞նչ է եղել որ»։ Գայանե Դեմիրյանը չի կողմնորոշվում՝ Դանիել Իոաննիսյանն իրենց զրպարտե՞լ է, թե՞ ոչ, բայց մի բան վստահ ասում է՝ ինքն այդ խաղերից դուրս է գալիս. «Չեմ ուզում լսել այդ մասին։ Դպրոցում կան մարդիկ, որոնք ամուսին ունեն, բարեկամ ունեն, որոնք այդ կուսակցությանը հարում են, ինչի՞ մասին է խոսքը։ Էդպես է, տպավորություն է, թե տնօրենն ուղղորդում է։ Ես անձամբ ոչ մեկին չեմ ուղղորդել»։ Պարզվում է՝ տիկին Դեմիրյանն ի սկզբանե ասել է՝ հայցադիմումը ետ է վերցնելու. «Ի սեր Աստծո, արել է, ոչինչ։ Ինքը ճիշտ է, թե սխալ է, ես չեմ քննարկում, ամեն դեպքում՝ եղել է, հիմա ես ետ եմ վերցնում, էդպես ավելի ճիշտ գտա։ Մենք հանցագործություն չենք կատարել»։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ մի քանի դպրոցների տնօրենների հետ։ Մենք ժամեր շարունակ զանգահարում էինք մոտ 10 դպրոց, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ պատասխանող չգտնվեց։

Թիվ 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը, լսելով հարցը՝ ինչո՞ւ ետ վերցրեց իր հայցադիմումը, պատասխանեց. «Ո՞վ է ասել, որ ես ետ եմ վերցրել։ Դուք ի՞նչ գիտեք, տիրապետո՞ւմ եք ինֆորմացիային»։

Դիտարկմանը՝ փաստաբանն է ասել, տնօրենը զայրացած պատասխանեց, որ ինքը հեռախոսով ոչ մի հարցի չի պատասխանում։ «Ես աշխատանքային պրոցեսում չեմ, եկել եմ դպրոցի այլ հարցերով, ես արձակուրդում եմ»,- ասաց դպրոցի տնօրենն ու անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել էր հեռախոսազրույցների գաղտնալսումներ, որոնց ժամանակ հարյուրից ավելի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանել էին, որ Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Ընտրություններից հետո 30 տնօրեններ դիմեցին դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ պահանջելով հերքում եւ 2-ական միլիոն դրամ, որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում։ Դիմումները ետ վերցնելուց օրեր առաջ մենք գրել էինք, որ այս գործի կնքահայրերը Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանն են։ Իսկ Գեւորգ Կոստանյանը դեմ է արտահայտվել դատարան դիմելուն՝ պատճառաբանելով, որ Եվրադատարանում պարտությունն անխուսափելի է։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X