Ո՞վ է մեղավոր երկաթուղու աշխատակցի մահվան համար. նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացած քաղաքացին Մասիս քաղաքի բնակիչ է՝ 58-ամյա Գրիգոր Ա.-ն, նրա պատասխանատվության տակ էին գտնվում երկաթգիծը սպասարկող միանգամից 3 «պաստանցիա»-ներ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը hraparak.am-ին փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե գիշերը, այլ ցերեկը, ինչպես նաև զարմանքով նկատեց, որ նրան աշխատանքի ոչ ոք չէր գործուղել, չկա համապատասխան հրահանգ: «Հիմա քննություն է գնում, նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու ինչ հանգամանքներում է աշխատողը տուժել: Ի վերջո անփորձ աշխատող չէր, այդպես միանգամից չէր կարող սխալվել, շատ ցավալի դեպք է, ինչ կարող ենք ասել: Մեր տնօրենը նոր է իմացել այդ մասին, գործուղման էր, եկել է եւ անմիջապես տեղեկացել է: Ի դեպ, առաջին օրը լավ է զգացել իրեն, նույնիսկ տուն է զանգել, ասել, որ լավ է, մեկ օր մնալուց հետո մահացել է: Նա ցուցմունք է տվել քննիչներին, ամենագլխավորը՝ անձամբ ասել է, որ իրեն ոչ ոք աշխատանքի չի ուղարկել, պաստանցիան էլ աշխատող է եղել»,-ավելացրեց Վարդան Ալոյանը:

Այս դեպքում հարց է առաջանում, ո՞վ էր ոչ աշխատանքային՝ շաբաթ օրով, աշխատողին հրահանգել «պաստանցիա» մտնել: Երկաթուղու մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուժեղ քամին եւ կայծակը դեռ գիշերվանից վնասել էին էլեկտրալարերը: Վթարները վերացնելու նպատակով երկաթուղու տնօրինությունը հաճախ է ներքին հրաման արձակում՝ աշխատողներին ստիպելով ժամերի ընթացքում վերացնել վթարները, այլապես կզրկվեն ամսական պարգևավճարներից: Մահացած աշխատողի գործընկերներից տեղեկացանք, որ այդ օրը նա նույնպես միացել է իրենց՝ փորձելով վերացնել առաջացած խնդիրները: Գործ է ունեցել 3300վոլտ հաստատուն հոսանքի հետ, առաջին անսարքությունը վերացնելուց հետո անցել է երկրորդին, սակայն կարճ միացումից առաջացած հրդեհից վայր է ընկել եւ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այրվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել: Հարազատներից մեկի փոխանցմամբ՝ դեպքի պահին միայնակ է եղել, եթե մեկը լիներ եւ հագի վերնաշապիկը հաներ, գուցե փրկվեր: Հարազատները վստահ են, որ առանց հրահանգի նա վթարի վայր չէր մեկնի, վերադասներից մեկը հաստատ կարգադրել է:

Նշենք, որ մահացածը 40տարվա երկաթուղային էր, ունի 2 որդի եւ թոռներ: ՀԿԵ մամուլի խոսնակն ասաց, որ այս պահին նրա ընտանիքին որևէ փոխհատուցում անելու մասին դեռ վաղ է խոսել, բայց որ լինելու է՝ վստահ է:

Հ. Գ. Թե ինչու է աշխատակիցը նմանատիպ ցուցմունք տվել՝ հրաժարվելով բացահայտել հրահանգիչին, իրականում դժվար է ասել: Բայց եթե իրավապահ մարմինները մեծ ցանկություն ունենան գործը բացահայտել, կարծում ենք՝ այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր դարաշրջանում դժվար չէ լսել հեռախոսազրույցները՝ վերծանել խոսակցությունները, որոնք հնարավորություն կտան պարզելու տեղի ունեցած ողբերգության ժամը եւ պատճառները:

Մեկնաբանություն
X