Պլաստիկ վիրահատությունների դիմելը կարող է խոսել հոգեկան խանգարման մասին

Պլաստիկ վիրահատությունները բավականին լայն տարածում են գտել Հայաստանում։ Մարմնի այս կամ այն հատվածը շտկել ցանկացողների թիվն օրեցօր մեծանում է, հետաքրքրական է, որ անգամ երկրից դուրս ապրող մեր հայրենակիցները Հայաստանում են դիմում պլաստիկ վիրաբույժների միջամտությանը, քանի որ այստեղ գները բավականին մատչելի են։

_Հայաստանում քթի վիրահատությունը միջինում արժե 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Ռուսաստանում նույն վիրահատությունը սկսվում է նվազագույնը 5000 դոլարից, իսկ ԱՄՆ-ում կազմում է շուրջ 2000-4000 դոլար։ _

Պլաստիկ վիրաբույժ, քիթ-կորորդ-ականջաբան Արման Հովհաննիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ քթի վիրահատությունները մի քանի անգամ գերազանցում են ականջի ձևի թերությունները շտկելու միջամտությունների քանակին․ «Պետք է ասեմ, որ քիթը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է ականջների պլաստիկ վիրահատություններին։ Եթե նայենք դիմողների թիվն ըստ սեռերի, ապա կտեսնենք, որ կանանց թիվը գերակշռում է, չնայած, որ վերջին տարիներին տղամարդիկ ևս ակտիվորեն դիմում են»։

Կարծիք կա, որ ամռանը ցանկալի չէ դիմել պլաստիկ վիրահատությունների, սակայն բժշկի պնդմամբ՝ նման կարծրատիպը ճիշտ չէ․ «Այդ հարցը բավականին շատ է հնչում։ Պետք է ասեմ, որ նման սահմանափակումներ չկան ոչ միայն մեզ մոտ, այլ նաև աշխարհում ու բոլոր տեսակի վիրահատություններ էլ կատարվում են, խոսքը միայն պլաստիկային չի վերաբերում»։

Բժիշկը նաև նշեց, որ լինում են դեպքեր, երբ մեկ անգամ արված վիրահատությունը չի բավարարում այցելուի պահանջները և պլաստիկ միջամտությունները կարող են կրկնվել․ «Կան մարդիկ, ովքեր ձգտում են առավելագույնին և անընդհատ ինչ-որ թերություններ են գտնում, մենք առաջին հանդիպմանը ուսումնասիրում ենք այցելուին և երբ նկատում ենք, որ նա կատարելության ձգտելու հակում ունի, չենք աշխատում նրա հետ»։

Հոգեբանները պլաստիկ վիրահատությունների տարածման իրենց բացատրությունն ունեն՝ պերֆեկցիոնիզմը (կատարելության ձգտումը):

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց պլաստիկ վիրաբույժների դիմելու մի քանի պատճառներ․ «Եթե առողջական խնդիրներ չկան, ապա պլաստիկ վիրաբույժի դիմելու պատճառ կարող է լինել ցածր ինքնագնահատականը, արտաքին հնարավորությունների ռեալ չգնահատելը, հուզական վիճակները։ Մեծամասամբ այս խնդիրներն ի հայտ են գալիս դեռահասության շրջանում, քանի որ արտաքինին վերաբերող կարծիքները կարող են դեռահասների մոտ տվյալ թերության վրա ֆիքսվելու պատճառ դառնալ»։

Ըստ հոգեբանի՝ խնդիրների թվին է պատկանում պերֆեկցիոնիզմի (կատարելության) ձգտումը ․ «Մարդիկ փորձում են իդեալականին մոտ լինել և կատարյալ արտաքին ունենալ։ Կա նաև «dismortofobia», որը հոգեկան խանգարում է համարվում։ Այսպիսի մարդիկ չափազանց մտահոգված են իրենց արտաքինով, նրանք չեն կարողանում ընկալել իրենց արտաքինը, եթե օրինակ իրենց քիթը մեծ չէ, միևնույնն է իրենց թվում է, որ այն շտկման կարիք ունի»։

Հոգեբանը, սակայն, չի մոռանում նշել, որ հոգեբանական պատճառներից զատ, կան նաև այլ օբյեկտիվ պատճառներ․ «Մարդիկ կարող են նաև առողջական խնդիրներից ելնելով դիմել պլաստիկ միջամտությունների, երբ դիմում են բժշկի և նա գնահատում է, որ անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն»։

Հոգեբանը նաև նշեց, որ կատարելության ձգտումը, վիրահատությունների արդյունքներից չգոհանալը կարող է հանգեցնել հոգեկան շեղվածության։

Հ․Գ․ Եթե ունեք ցածր ինքնագնահատական և բազում այլ կոմպլեքսներ, ոչ մի պլաստիկ վիրահատություն ձեզ չի «փրկի»։ Ուղղակի փորձեք ընդունել և սիրել ձեզ այնպիսին, ինչպիսին, որ կաք։

Մեկնաբանություն
X